Նյու Դելիի երկաթուղային կայարանում հրմշտոցի հետևանքով 18 մարդ է զոհվել, առնվազն 10-ը՝ վիրավորվել են, հայտնում է BBC News-ը։

Հաղորդվում է, որ շաբաթ երեկոյան հազարավոր մարդիկ հավաքվել են երկաթուղային կայարանում՝ փորձելով նստել հետաձգված գնացքները:

Պաշտոնյաների կողմից հրապարակված ցուցակի համաձայն, զոհերից չորսը երեխաներ են, 10-ը՝ կանայք:

Միջադեպը տեղի է ունեցել շաբաթներ անց այն բանից հետո, երբ Հնդկաստանի հյուսիսային Կումբհ Մելայի կրոնական տոնին 30 մարդ էր զոհվել հրմշտոցի ժամանակ, որտեղ տասնյակ միլիոնավոր հնդիկներ էին հավաքվել վեցշաբաթյա փառատոնի ամենասուրբ օրերից մեկում սրբազան գետի ջրերում լողանալու համար:

Դելիում ականատեսները BBC-ին պատմել են, որ կայարանում հսկայական ամբոխ էր հավաքվել, մարդկանց մեծ մասն ուղևորվում և վերադառնում էր Կումբհ Մելայից, որն անցկացվում է հարևան Ուտար Պրադեշ նահանգի Պրայագրաջ քաղաքում:

Ըստ պաշտոնյաների, երկու գնացքի մեկնումը հետաձգվել է կայարանում, մինչդեռ երրորդը, որը պետք է ուղևորվեր Պրայագրաջ, սպասում էր մեկնմանը:

Երկաթուղային կայարանի ոստիկանությունը հայտնել է, որ հրմշտոցի պատճառները հետաքննվում են: Սակայն, ըստ իշխանությունների, ողբերգությունը տեղի է ունեցել երկու գնացքների ուշացման և կայարանում մարդկանց կուտակման պատճառով։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ցավակցություն է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ։