ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «ամենամեծ ընկերն է, որն Իսրայելը երբևէ ունեցել է Սպիտակ տանը», - ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝  համատեղ մամուլի հայտարարության սկզբում անհարմար գրկախառնությունից հետո, գրում է Times of Israel-ը։

Ըստ Նաթանյահուի,  ինքը և ԱՄՆ պետքարտուղարը «մեր աշխատակիցների հետ շատ արդյունավետ քննարկում ենք ունեցել մի շարք հարցերի շուրջ»: «Դրանցից ոչ մեկն ավելի կարևոր չէ, քան Իրանը։ Իսրայելն ու Ամերիկան ​​ուս-ուսի կանգնած են իրանական սպառնալիքին դիմակայելու հարցում։ Մենք համաձայն ենք, որ չի կարելի թույլ տալ, որ այաթոլլաները միջուկային զենք ունենան։ Մենք նաև համաձայնվել ենք, որ Իրանի ագրեսիան տարածաշրջանում պետք է դադարեցվի»,- հայտարարել է Նաթանյահուն։

Ըստ նրա, Թրամփի աջակցությամբ «մենք կարող ենք և գործն ավարտին կհասցնենք»:

Ավելի վաղ Իրանը բազմիցս հայտարարել էր, որ միջուկային զենք ստեղծելու նպատակ չունի։

ԱՄՆ նախագահն իր հերթին ասել էր, որ նախընտրում է Իրանի հետ միջուկային համաձայնագիրը, քան «դժոխային ռմբակոծությունները»։