Ամերիկյան «USS Harry S. Truman» ավիակիրը կիրակի վաղ առավոտյան կայանել է Կրետե կղզու ռազմածովային բազայում՝ այս շաբաթվա սկզբին Միջերկրական ծովում թուրքական առևտրային նավի հետ բախումից հետո վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հայտնում է Kathimerini-ն։
Հաղորդվում է, որ ավիակիրը Հունաստանի և ՆԱՏՕ-ի ռազմածովային բազայում կմնա մոտ տասը օր՝ վերանորոգման համար սահմանված անհրաժեշտ ժամանակաընթացքում։
Սպասվում է, որ անձնակազմի անդամներն այսօր կսկսեն մեկնել մոտակա Չանիա քաղաք:
«USS Harry S. Truman»-ը չորեքշաբթի ուշ երեկոյան գործողություն իրականացնելիս Եգիպտոսի Պորտ Սաիդ քաղաքի ափերի մոտ բախվել է Թուրքիային պատկանող Besiktas-M պանամական դրոշով բեռնատար նավին։
ԱՄՆ ռազմածովային նավատորմի հայտարարության մեջ ասվում է, որ բախումը վտանգի չի ենթարկել ավիակիրը և չի ազդել նրա շարժիչ համակարգերի վրա: Նավերից որևէ մեկից խորտակման կամ վիրավորների մասին տեղեկություններ չեն եղել, միջադեպը հետաքննվում է:



























