Բջջային հեռախոսների SIM-քարտերի վրա խոցելի կողմ է հայտնաբերվել: Այն կարող է օգտագործվել վճարովի համարներին SMS-հաղորդագրություններ ուղարկելու համար:
Բրիտանական The Register հրատարակչությունը գրում է, որ բացը SIM-քարտերի վրա օպերատորների կողմից տեղադրված հաղորդագրությունների փոխանցման SIM Application Toolkits համակարգին է առնչվում: Այդ ծրագրերն օգտագործվում են հաշվեկշիռը ճշտելիս, ձայնային փոստից օգտվելիս կամ էլեկտրոնային վճարումներ կատարելիս:
Այդ հաղորդագրությունները օպերատորի ենթակառուցվածքի հետ փոխանակվում են էլեկտրոնային ստորագրությամբ հատուկ ֆորմատավորման միջոցով: Դրանք մշակում է հեռախոսը` առանց ստացված հաղորդագրությունների թղթապանակում պահելու եւ օգտվողներին ազդանշան տալու: Ծայրահեղ դեպքում հեռախոսը նման հաղորդագրության դեպքում դուրս է գալիս քնած ռեժիմից: Դրա հետ մեկտեղ, տվյալների կոդավորման հուսալի տեխնոլոգիա է օգտագործվում:
Բայց ամբողջ հարցն այն է, որ եթե հրամանն իրագործելը հնարավոր չէ, օպերատորին սխալի մասին հաղորդագրություն է ուղարկվում: Դա հաքերներին վնասակար գործողությունների հնարավորություն է ընձեռում, գրում է INFOX.ru-ն:




























