ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ իշխանությունների անկարողությունը համեմատել էց մարդու հետ, որը փորձում է մազերը չորացնել միկրոալիքային վառարանում։
Փետրվարի 17-ի ասուլիսում, պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀ իշխանությունները բավարար կամք ունեն՝ հակազդելու Հայաստանի տարածքով «միջանցք» ստեղծելու ծրագրերին, Քոչարյանը նշել է, որ իշխանություններն ունեն բավարար կամք միայն սեփական աթոռները պահպանելու համար։
«Ադրբեջանի նախագահը խոսում է 300 հազար ադրբեջանցիների Հայաստան «վերադարձի» մասին։ Ինչու՞ չի ասում, որ Սյունիքն իրենցն է եւ շատ ավելին։ Լսե՞լ եք որեւէ հստակ արձագանք Հայաստանից։ «Ռեմբոյից» վերածվեցին «Գիքորի»,- հայտնել է Քոչարյանը։
Նրա խոսքով՝ պետք է կանգ առնել եւ ասել՝ բավական է։ Պետք է ստիպել հարգել քեզ։
«Առաջին պատերազմում մենք համոզիչ հաղթանակի հասանք։ Բայց ես երբեք ինձ թույլ չեմ տվել ոչ մի անհարգալից հայտարարություն Ադրբեջանի նկատմամբ։ Եվ ոչ մի այլ հայ ղեկավար։ Մենք երբեք վիրավորական ոչինչ չենք ասել Ալիեւի մասին. Փաշինյանն է ասել՝ մենք ներսից ենք պայթեցնելու Ադրբեջանը։ Արդյունքում նա պայթեցրել է սեփական երկիրը։ Կարո՞ղ եք իմ գրքում գտնել Հեյդար Ալիեւի նկատմամբ գոնե մեկ տող անհարգալից վերաբերմունք: Բայց Իլհամ Ալիեւը Փաշինյանի մասին հանգիստ ասում է, որ նա հարբած ծաղրածու է։ Սա, իհարկե, նորմալ չէ։ Բայց ի՞նչ արեցիք, որպեսզի դա տեղի չունենա: Մեծամտություն եւ պրոֆեսիոնալիզմի բացակայություն։ Մարդիկ չեն հասկանում, թե ինչ են անում։ Անգամ դեղ գնելիս կարդում ես հակացուցումները, կամ սարք ես գնում, կարդում ես, թե ինչ կարող ես անել, ինչ չես կարող անել։ Օրինակ՝ գլուխը միկրոալիքային վառարանի մեջ մի դրեք։ Բայց իշխանություններն անգամ նման պարզունակ բաները չեն հասկանում»,- եզրափակել է Քոչարյանը։





























