Օտարերկրյա հատուկ ծառայությունների ազդեցությունը կա, բայց պետք է տարբերել օտարերկրյա հետախուզական ծառայությունները նեոլիբերալ աշխարհակարգի գաղափարների տարածման գործիքներից, որոնք հսկայական ազդեցություն են ունեցել Հայաստանի եւ ոչ միայն Հայաստանի վրա։ Այս մասին փետրվարի 17-ի մամուլի ասուլիսում հայտնել է երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նա նշել է, որ դա երկարաժամկետ բնույթ է կրել եւ դրսեւորվել է տարբեր ձեւերով։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանում այն, ինչ արել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID), հատուկ ծառայության գործունեություն չէր, բայց նպատակը նույնն էր, եւ նրանք նույնիսկ էլ ավելի արդյունավետ են աշխատել։ Քոչարյանը սա անվանել է «փափուկ ուժ» օգտագործելու գործիքակազմ, որի համար հսկայական գումարներ են ծախսվել։
«Հենց ամերիկացիների կողմից արված բացահայտումները դրա վառ հաստատումն են։ Ցնցող է այն, թե ինչ նպատակներով եւ ինչ գումարներ են ծախսվել։ Միաժամանակ շատ գրագետ են աշխատել՝ ընտրելով ակտիվ մարդկանց, նրանց դարձնելով իրենց համախոհները։ Այդ տեխնոլոգիան շատ լավ է աշխատել: Սակայն ԱՄՆ-ը այժմ ասում է, որ դա չափազանց թանկ է եւ անհետաքրքիր: Նրանք ասում են՝ հիմքում ընկած է լինելու պետական շահը, որին ամեն կերպ հետամուտ են լինելու։ ԱՄՆ-ը նաեւ հայտնել է, որ պատրաստ չէ նեոլիբերալիզմի գաղափարախոսությունը վերածել պաշտոնականի եւ տարածել աշխարհով մեկ»,- ընդգծել է երկրորդ նախագահը։ Նա ակնհայտ է համարել, որ աշխարհը 20-30 տարի կապրի հետլիբերալ փուլում՝ դա անվանելով դրական փոփոխություն։



























