Չինաստանի դատարանը կաշառակերության համար մահապատժի է դատապարտել Ցզյանսու նահանգի Ժողովրդական կոնգրեսի մշտական կոմիտեի կուսակցական խմբի ղեկավարի նախկին տեղակալ Լյու Հանդունին։ Նա ապօրինաբար յուրացրել է 245 մլն յուան (34 մլն դոլար) գույք, հաղորդում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։
Լյու Հանդունի պատիժը կիրառվել է երկու տարի հետաձգումով։ Նա ցմահ զրկված է իր քաղաքական իրավունքներից, իսկ ապօրինի կերպով ձեռք բերված ունեցվածքը բռնագրավվել է հօգուտ պետության։ Երկու տարի ժամկետը լրանալուց հետո պատիժը կփոխարինվի ցմահ ազատազրկմամբ, եթե դատապարտյալն այս ընթացքում այլ հանցագործություններ չկատարի։
1999 թվականից մինչև 2023 թվականը Լյու Հանդունը տարբեր պաշտոններ է զբաղեցրել արևելյան Չինաստանի Ցզյանսու նահանգում և նրա մայրաքաղաք Նանջինգում: Կաշառքի դիմաց նա երրորդ անձանց ծառայություններ է մատուցել հողի սեփականության, բիզնեսի կառավարման, հարկերի և կարիերայի առաջխաղացման հարցերով։ Նախկին պաշտոնյայի գործողությունները «զգալի վնաս են հասցրել պետության և ժողովրդի շահերին», - ասել են դատարանից։





























