Տեղի ունեցավ իրավապաշտպան, հասարակական գործիչ Ավետիք Իշխանյանի հոգեհանգստյան արարողությունը: Ներկա էին հասարակական, քաղաքական, մշակույթի գործիչներ, քաղաքացիներ:
ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը խոսելով Իշխանյանի մասին ասաց, որ նա մեծ հայրենասեր էր:
«Մենք ցավոք սրտի անկախության այս տարիներին անկախ պետության քաղաքացի չձեւավորեցինք եւ այդ տեսակետից Ավետիք Իշխանյանը իրոք տարբերվում էր: Հավանաբար հենց այդ ընկալումը, քաղաքացի, որը պատասխանատու է երկրի ապագայի համար: Հենց այդ ընկալումն է, որն իրեն տեղափոխել է իրավապաշտպանի ոլորտ: Եւ կարող ենք պնդել, որ այդ գործունեության ոլորտում ամենանվիրյալներից մեկն էր Ավետիք Իշխանյանը: Այս առումով Իշխանյանի կորուստը հարված էր հենց այդ ինստիտուտին: Նա մեծ հայրենասեր էր: Նա իրոք շատ ծանր տարավ Արցախի կորուստը: Ես հիշում եմ, որ նույնիսկ այն ժամանակ, երբ որ ինքը դժվարությամբ էր արտահայտվում, արցունքն աչքերին էր խոսում Արցախի մասին: Ես կարծում եմ, որ իրոք շատ բան կորցրեցինք: Ցավակցում եմ Իշխանյանի հարազատներին ընկերներին եւ հասարակությանը»:

Հիշեցնենք՝ Ավտիք Իշխանյանը մահացել էր փետրվարի 16-ին երկարատեւ, ծանր հիվանդությունից հետո:
Փետրվարի 25–ին նա կդառնար 70 տարեկան։ Ավետիք Իշխանյանը եղել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, գիտական աշխատանքների, հրապարակախոսական հոդվածների հեղինակ է։ Ավետիք Իշխանյանը լեզվաբան Ռաֆայել Իշխանյանի որդին է։


























