Իտալական Սավոնա քաղաքի նավահանգստում խարսխված Seajewel լցանավում երկու պայթյուն է տեղի ունեցել, հայտնել է Fatto Quatidiano-ն։ Պարբերականի տվյալներով՝ դա տեղի է ունեցել փետրվարի 14-ի երեկոյան, երբ նավը Ալժիրից ժամանել է Մալթայի դրոշի ներքո, երբ նրա անձնակազմը սկսել է նավթի բեռնաթափումը։ Լցանավը վնասվելէ, սակայն նավթի արտահոսք չի եղել, գրել է IVG-ն։ Անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել։

Սավոնայի դատախազությունը քննարկում է տեղի ունեցածի տարբեր վարկածներ, այդ թվում՝ լցանավի խափանում, բախում կամ զինամթերքի պայթյուն։ Մինչդեռ, ինչպես պարզաբանել է IVG-ն, տեղի ունեցածի բնույթը վկայում է նավի վրա պայթուցիկ սարքերի հավանական տեղադրման մասին։ Նավահանգստի վարչությունում նաեւ հայտնել են, որ նավթի բեռնաթափման ժամանակ «որոշ անոմալիաներ» են նկատվել, հետեւաբար նավի վրա ներկայում տեխնիկական ստուգումներ են իրականացվում։ Մինչ այդ «Украинская правда»-ն գրել էր, որ Seajewel լցանավը բազմիցս տեղափոխել է ռուսական նավթ։ Մասնավորապես, 2024թ. այն երեք անգամ բեռնվել է Ռուսաստանում եւ հետ է վերադարձել նոր բեռների համար։ Ճանապարհորդություններից մեկում նավը նկատել են թուրքական Ջեյհան նավահանգստից ժամանելուց հետո Ռումինիայի Կոնստանցա նավահանգստում բեռնաթափելիս: Դրանից հետո, ըստ «Украинская правда»ի աղբյուրների, լցանավը պետք է շարժվեր դեպի Նովոռոսիյսկ նավահանգիստ։