Սանկտ Պետերբուրգի Պետրոգրադսկի շրջանային դատարանը որոշել է հօգուտ պետության բռնագրավել լրագրող Ալեքսանդր Նեւզորովի կնոջ՝ Լիդիա Նեւզորովայի մորը պատկանող բնակարանը։ Այս մասին հայտնել է քաղաքային դատարանների մամուլի ծառայության ղեկավար Դարյա Լեբեդեւան։ Գույքի վրա կալանք է դրվել դեռեւս 2024թ. նոյեմբերին։
Որոշման ընդունումից հետո Լիդիա Նեւզորովան իր Facebook-ում մեկնաբանել է կատարվածը։ Նա հայտնել է, որ բռնագրավված բնակարանը ընտանեկան պատմության կարեւոր մասն է եւ կապ չունի ամուսնու հետ։ «Հենց նոր տեղեկացա, որ Սանկտ Պետերբուրգի դատարանը խլել է մորս բնակարանը Լենինի փողոցում։ Պարզապես խլել է, առանց որեւէ ռեւերանսի: Մեր բնակարանը, որը ոչ մի կապ չունի «ժողովրդի թշնամի» Նեւզորովի հետ։ Ընտանիքս փրկվել է շրջափակումից այս բնակարանում, որտեղից պապս գնացել է ռազմաճակատ ու ճամբարներ։ Գիտե՞ք ինչու մենք այն «ժամանակին» չվաճառեցինք: Որովհետեւ շրջափակումը վերապրած մայրս մինչեւ այսօր չէր հավատում, որ նրանք «վերեւում» այդքան ստոր են»,- գրել է Լիդիան:
Նեւզորովների ընտանիքի ունեցվածքի բռնագրավումն սկսվել է այն բանից հետո, երբ Ալեքսանդր Նեւզորովը եւ նրա կինը՝ Լիդիան, ճանաչվել են «ծայրահեղական միավորում» 2024թ. հուլիսին։ Նախկինում բնակարանը պատկանել է անձամբ Լիդիային, սակայն նա այն փոխանցել է մորը՝ Նատալյա Կոլեսնիկովային։ Ավելի ուշ դատախազությունը վիճարկել է գործարքը, իսկ դատարանն այն անվավեր է ճանաչել։
2022թ. Ռուսաստանը լքած Ալեքսանդր Նեւզորովը հեռակա դատապարտվել է ութ տարվա ազատազրկման՝ ռուսական բանակի մասին «կեղծ լուրեր» տարածելու մեղադրանքով։ Պատճառը Մարիուպոլի ծննդատան ռմբակոծման եւ Բուչայում խաղաղ բնակիչների սպանությունների մասին նրա հրապարակումներն էին։ Ռուսական իշխանությունները լրագրողի հանդեպ միջազգային հետախուզում են հայտարարել։
Ինքը՝ Նեւզորովը, հեգնանքով է արձագանքել դրան՝ նշելով, որ իրեն հետախուզման մեջ ընդգրկելու որոշումը համարում է «ամենաբարձր պարգեւը, որի մասին կարելի է երազել»։ Նա նաեւ խորհուրդ է տվել ռուս իրավապահներին «փնտրել սեփական ուղեղը»:
2022թ. ամռանը Ալեքսանդր Նեւզորովը եւ նրա կինը՝ Լիդիան, ստացել են Ուկրաինայի քաղաքացիություն։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ինչպես հայտնել է Ուկրաինայի ՆԳՆ-ն, Նեւզորովին քաղաքացիություն է շնորհվել «երկրին մատուցած ակնառու ծառայությունների համար»։





























