Սա ուղղակի ինչ-որ մեկ անձի հաղթանակ չէր, երբ որ Թրամփը եկավ իշխանության, սա միջազգային գլոբալ աշխարհաքաղաքականության որոշակի կոտրում էր, և դա շատ լավ երևաց Վենսի հայտնի ելույթի Մյունխենում, որտեղ ինքը ցույց տվեց, որ Եվրամիության և Արևմուտքի միջեւ միասնությունը այլևս չկա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Հայաքվե» ազգային քաղաքացիական նախաձեռնության անդամ Արմեն Մանվելյանը։
«Երկրորդը, ամերիկացիները ընդունեցին, որ միաբևեռ աշխարհը նույնպես չկա, աշխարհը բազմաբևեռ է։ Հետևաբար արդեն իրենք շարժվում են հենց այդ բազմաբևեռ աշխարհի տրամաբանությամբ։ Այս պահին գոնե հստակ կերպով երևում է երեք կենտրոն՝ Վաշինգտոնը, Պեկինը, որպես երկու գլոբալ աշխարհատնտեսական կենտրոններ, և իհարկե Մոսկվան, որպես աշխարհաքաղաքական երրորդ կենտրոն:
Այս երեք կենտրոնների միջև գնալու է այն հիմնական խաղը, որի արդյունքում էլ նոր գլոբալ աշխարհաքաղաքական համակարգ կստեղծվի։ Ուկրաինան հենց այն անկյունաքարային կարևորագույն նշանակության թեման է, որի շուրջ էլ բանակցությունները կգնան»,-ասաց նա:
Մանվելյանը համոզված է, որ շատ ծանր բանակցություններ են լինելու, կանգնեցնել այս պատերազմը հեշտ չի լինելու, բայց այն փորձը, որ արդեն սկսվել է, ինքնին շատ ողջունելի է: «Բայց նաև Ռուսաստանը շատ ծանր փորձ ունի, երբ իրեն մի քանի անգամ խաբել են: Շատ կարևոր է, որ աշխարհաքաղաքական նոր համակարգ ստեղծի, որը որոշ չափով կսթափեցնի այս իրավիճակը։ Բայց մյուս կողմից իսկապես շատ ծանր է լինելու և չեմ կարծում, որ կկարողանան շատ արագ հասնել հաջողության»,-ասաց նա:
Մանվելյանը նկատեց, որ այս ամենի մեջ շատ ծանր է լինելու Ուկրաինայի վիճակը, քանի որ Ուկրաինան իրեն զգում է որպես մի պետության, որին օգտագործել են, հիմա էլ մասերի են բաժանում, առանց նույնիսկ նրա կարծիքը հարցնելու։
«Ես համոզված եմ, որ Ուկրաինան ստիպված է լինելու ընդունել այն ամենը, ինչոր կստորագրվի վերջնաարդյունքում Թրամփի և Պուտինի միջև։ Եթե Ուկրաինան սկսի քանդվել, ապա շատ երկրներ կան, որոնք որոշակի պահանջներ ունեն, դա առաջին հերթին Լեհաստանն է, Հունգարիան: Այս պետությունները որոշակի տարածքային պահանջներ ունեն, որովհետև ժամանակին ահռելի տարածքներ վերցրվել է դեռ Սովետական Միության տարիներին և արհեստական կերպով կցվել է Ուկրաինային: Նույն Լվով քաղաքը ժամանակին երբ միացվեց Ուկրաինային, քաղաքի բնակչությունը առաջին հերթին լեհեր էին, հետո գալիս էին հրեաները, հայերը, հետո միայն ուկրաինացիները: Հիմա պարզ է, որ էթնիկ կազմը փոխվել է, հիմնականում ուկրաինացիները»,- ընդգծեց Մանվելյանը:











