Մերձավանում զինված միջադեպի գործով ևս մեկ անձ է կալանավորվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը՝ հավելելով, որ այժմ կալանքի տակ է գտնվում չորս անձ։

Հիշեցնենք, որ փետրվարի 4-ի լույս 5-ի գիշերը՝ ժամը 01։00-ի սահմաններում՝ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում կրակոցներ են եղել, ըստ ՀԺ-ի՝ վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ զինված հարձակում է տեղի ունեցել։ Կրակոցների հետևանքով սպանվել է Ախտոյանի հորաքրոջ որդին, մեկ անձ, որը եղել է Ախտոյանների ընկերը, վիրավորում է ստացել։ ՀԺ-ն նաև հղում կատարելով Ախտոյանի եղբորը՝ գրել էր, որ նրանք փորձել էին միջամտել, որ զինված անձինք չկարողանան մուտք գործել տուն։

Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության), 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ), 335-րդ հոդվածով (ապօրինի հրազեն պահելու) և 297-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի գործադրմամբ խուլիգանության):

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Մերձավան բնակավայրում ի կրակոցների հետևանքով սպանվել է Ախտոյանի հորաքրոջ որդին, որի ծննդյան օրն է եղել։ Համայնքի բնակիչների շրջանում կասկածներ կան, որ վեճը կարող է ծագած լինել՝ «թայֆայական» հարցերի շուրջ՝ նախկին գյուղապետի «թևի» հետ տևական թշնամանքով պայմանավորված, այդ հողի վրա մշտապես վեճեր են եղել։

Քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդում է իրականացվում 9 անձի նկատմամբ, որոնցից այս պահին արգելանքի տակ է միայն վեցը, մասնավորապես, նրանցից երեքի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, մյուս երեքի նկատմամբ՝ տնային կալանքը։ Քրեական գործով երեք անձի նկատմամբ էլ, որոնցից մեկը, ըստ վարույթն իրականացնող մարմնի, սպանությունը կատարած անձանցից է, հետախուզում էր իրականացվում։

Այժմ հայտնի դարձավ, որ ևս մեկ անձ է կալանավորվել։ Վարույթն իրականացնող մարմինն առ այժմ չի հստակեցնում, թե ով է կալանավորված անձը և ինչ մեղադրանքով է կալանավորվել, արդյո՞ք այն անձանցից մեկն է, որին իրավապահները փնտրում էին։ Այդուհանդերձ, կարող ենք արձանագրել, որ քրեական հետապնդում իրականացվում է 9 անձի նկատմամբ, իսկ վերաքննիչ դատարանը չի փոխել տնային կալանքի տակ գտնվող անձանց խափանման միջոցները։