40 վարորդներից, որոնց հեռացրեցին դեկտեմբերի 3-ին՝ սոցիալական հարցեր բարձրացնելու համար, 10 հոգու վերականգնել են, մյուսներին չեն էլ կանչել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 18-ին, «Երեւան ավտոբուս» ընկերության տարածքում լրագրողների հետ զրույցում նշեց Սուրեն անունով վարորդը, որին եւս հեռացրել են:
«Այդ 30 հոգուն պիտակ են կպցրել, որ դուք քաղաքական պատվեր եք կատարում: Մենք վաբշե քաղաքականության հետ կապ չունենք, մենք մեր հացի խնդիրն ենք բարձրացրել, աշխատանքի հարցերը: Մենք քաղաքականության հետ ի՞նչ գործ ունենք։ Իհարկե, շատ շնորհակալ ենք, որ ընդդիմադիրներին եկել են, մեր կողքը կանգնել են, որ մեր ձայնը ավելի հասանելի լինի։
Այսօրվա դրությամբ վարորդներին վախեցնում են: Ասում են՝ այն ուղևորը, որ հենց նոր նստեց ու տոմս չստացավ, ինչի՞ չես իջեցնում: Վարորդն էլ ասում է՝ ա՛յ ընկեր, ես ո՞նց իջացնեմ, տարիքով կին է կամ երեխա է, ո՞նց անեմ: Ասում են՝ դե եթե՝ չէ, իրիկունը կգաս, դիմում կգրես, բացատրագիր կգրես:
Մարդկանց ասում են՝ եթե չեն վճարում, մի շարժվիր տեղից, թող մարդիկ ուշանան: Ավելի լավ, թող ժողովուրդն իրար մեջ վեճի բռնվեն»,-ասաց Սուրենը:




























