Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները հանդիպում են պահանջում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի հետ՝ պարզելու, ովքեր են վարորդներին՝ հանրային տրանսպորտի թանկացումը բոյկոտող ուղևորներին ավտոբուսից իջեցնելու հրաման տվել։

Ավագանու անդամների հետ զրույցում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը նշեց, որ ավտոբուսի վարորդը, որը երկու օր առաջ տարեց ուղևորին իջեցրել էր ավտոբուսից՝ ուղևորության գումարը չվճարելու պատճառով, երեկ նկատողություն է ստացել։

«Եթե դուք գտնում եք, որ ամեն ինչ արել եք ճիշտ և նորմալ, ինքներդ պետք է շահագրգռված լինեք և մեզ հետ կոնտակտի դուրս գաք, մեր հարցերին պատասխանեք, հանրությունն էլ տեղեկանա։ Եթե դուք դա չեք անում, ուրեմն կոծկելու բան ունեք կամ էլ մերժողական վերաբերմունք ունեք ավագանու հանդեպ։ Մեկ եկանք, երկու եկանք, չհանդիպեցինք տնօրինությնա հետ, դրանից ինչ–որ մի բան կարգավորվելու՞ է»,–ասաց ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը՝ ի պատասխան Գեղամ Ասաստրյանի հայտարարության, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրինությունը տեղում չէ, հետևաբար չի կարող հանդիպել նրանց հետ։

Մանուկ Սուքիասյանի խոսքով, ավտոբուսների վարորդներին հրամայել են ավտոբուսից իջեցնել բոլոր այն ուղևորներին, որոնք հրաժարվում են վճարել ուղեվարձը։

«Ձեր գործելաոճը ոչ մի լավ բանի չի հասցնելու։ Արդեն մեկ ամիս է, քաղաքապետարանի ստորին աշխատողից մինչև քաղաքապետ, բոլորը զբաղված են բոյկոտը հերքելով, հակամիջոցներ կիրառելով։ Դրա հետ պետք է հաշվի նստել, հասկանալ ՝ ինչը, ոնց է, վարորդներին չդրդել շեֆերի աչքերում լավամարդ երևալու համար ավտոբուսից տարեց մարդուն իջեցնել»,–ասաց Մանուկ Սուքիասյանը։