ՌԴ նախագահ Պուտինի և ԱՄՆ նախագահ Թրամփի միջև միջազգային հարցերի և երկկողմ օրակարգի շուրջ շփումների ակտիվացման մասին պայմանավորվածության համաձայն՝ ՌԴ արտգործնախարար Լավրովը և ՌԴ նախագահի օգնական Ուշակովը փետրվարի 18-ին Էր Ռիադում բանակցություններ են վարել ԱՄՆ պատվիրակության հետ։ Դրա մասին ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
«Քննարկվել է հարցերի լայն շրջանակ, ներառյալ՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման հեռանկարները։ Կողմերը պայմանավորվել են արագ դեսպաններ նշանակել և խորհրդակցություններ սկսել արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների տեղակալների մակարդակով՝ երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության սահմանափակումները վերացնելու նպատակով։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել երկխոսություն հաստատելու շուրջ՝ համաձայնեցնելու տնտեսության մեջ համագործակցության վերսկսման ուղիները, ներառյալ էներգետիկան, տիեզերքը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտները։
Մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ։ Հաստատվել է հակամարտության կարգավորման փոխադարձ հանձնառությունը։ Ռուսական կողմն ընդգծել է դրա բուն պատճառները վերացնելու, ամուր և երկարաժամկետ խաղաղության համար պայմաններ ստեղծելու, տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգությունն ու օրինական շահերի ապահովման անհրաժեշտությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համատեղ աշխատանքը այս ոլորտում հատուկ ներկայացուցիչների միջոցով, որոնք կնշանակվեն մոտ ապագայում։
Կողմերը պայմանավորվել են վերսկսել հաղորդակցության ուղիները այլ միջազգային հարցերի շուրջ՝ հաշվի առնելով Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հատուկ պատասխանատվությունը խաղաղության և անվտանգության հարցերում՝ որպես միջուկային տերություններ և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ: Հաստատվել է ռուս և ամերիկացի նախագահների հանդիպման նախապատրաստման համար համատեղ աշխատանքը շարունակելու հետաքրքրությունը»։





























