Եվրոպական երկրները պատրաստ չեն զորքեր ուղարկել Ուկրաինա, NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Արտաքին հարաբերությունների գերմանական խորհրդի փորձագետ Ստեֆան Մայսթերը։

«Եվրոպացիները դրա համար ո՛չ անհրաժեշտ զորքեր ու զինտեխնիկա ունեն, ո՛չ էլ մշակված ընդհանուր ռազմավարական մոտեցում, բայց պետք է պատրաստվեն դրան: Մեծ Բրիտանիայի վարչապետի՝ Ուկրաինա զորքեր ուղարկելու պատրաստակամությունը և Փարիզում եվրոպական առաջնորդների հանդիպումը ցույց են տալիս, որ առանցքային երկրների կողմից որոշ քայլեր են ձեռնարկվում՝ վերանայելու առկա մոտեցումն ու պատրաստվելու ինչ-որ փուլում ուժեր ուղարկել Ուկրաինա, քանի որ դա հենց Եվրոպայի անվտանգության հարցն է։ Թրամփին չի հետաքրքրում, թե ով և ինչպես է երաշխավորելու խաղաղությունն Ուկրաինայում՝ նրա առաջնահերթությունը Չինաստանն ու Մերձավոր Արևելքն են»,- կարծում է Մայսթերը։

Նրա համոզմամբ՝ ԱՄՆ կառավարությունը կոնկրետ ծրագիր չունի, թե իրականում ինչպիսին կարող է լինել խաղաղության համաձայնագիրը, եթե պատերազմն ավարտվի Ուկրաինայում։

«Թրամփը, հավանաբար, գագաթնաժողով կունենա Պուտինի հետ, որի արդյունքում Ռուսաստանին կհանձնվեն Ուկրաինայից գրավված տարածքները, ինչպես նաև կամրագրվի, որ Ուկրաիան չի անդամակցելու ՆԱՏՕ-ին։ Խաղաղության հնարավոր համաձայնագրի իրականացումը գետնի վրա, սակայն, պետք է եվրոպական երկրներն ապահովեն, քանի որ ԱՄՆ-ը մասամբ դուրս է գալու Եվրոպայից։  Այս տարբերակը, սակայն, ըստ իս, արդյունք չի տա, քանի որ Պուտինին ոչ թե Ուկրաինայի որոշ տարածքներ, այլ ողջ Ուկրաինան վերահսկելն է պետք։ Այնպես որ չեմ կարծում, թե այս ամենը կարող է տևական խաղաղության ու կայուն հրադադարի հանգեցնել։ Ճիշտ ժամանակն է, որ եվրոպացիները մտածեն, թե ինչպես կարող են ապահովել հրադադարի կայունությունն ու ապահովեն մի բան, որը հնարավորություն կտա նրանց տեղ ունենալ Ուկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ։ Սա, թերևս, սթափվելու վերջին ահազանգն է, որպեսզի եվրոպացի առաջնորդները դառնան ինքնիշխան՝ ներդրումներ կատարեն սեփական անվտանգության մեջ, որպեսզի ի վիճակի լինեն զբաղվել Ուկրաինայի և Ռուսաստանի հարցով։ Միգուցե արդեն բավական ուշ է դրա համար, բայց չգիտեմ՝ էլ ինչ պետք է լինի, որպեսզի Եվրոպայում գնան այդ քայլին»,- նշում է Մայսթերը։