Կոլումբիայի իշխանությունները ենթադրում են, որ թմրակարտելները ծրագրում են սպանել նախագահ Գուստավո Պետրոյին՝ խոցելով նրա ինքնաթիռը: Այս մասին հայտնել է պետության ղեկավարը։

«Գեներալ Տրիանա, դուք պետք է վերջ դնեք սրան։ Ես գիտեմ, որ դա սարսափեցնող է: Ինչպես գիտեք, թմրավաճառների գնած հրթիռով ուզում են խփել իմ ինքնաթիռը։ Նրանք ունեն ոչ թե մեկ, այլ երկու հրթիռ, եւ մենք գիտենք, թե ովքեր են նրանք»,- ասել է Պետրոն նոր ոստիկանապետ Կառլոս Տրիանայի երդմնակալության արարողության ժամանակ։

Նախագահի կարծիքով՝ թմրակարտելները ցանկանում են սպանել իրեն, քանի որ երկրի կառավարությունը «հետապնդում է աշխարհի ամենամեծ մաֆիոզ խմբավորումներին»։

Պետրոն առաջին անգամ չէ, որ խոսում է իր դեմ մահափորձ նախապատրաստելու մասին։ Անցած տարվա հուլիսի 20-ին նախագահը տոնական զորահանդեսին ժամանել էր նախատեսվածից երեք ժամ ուշ։ Հաջորդ օրը պետության ղեկավարը X սոցցանցում գրել է, որ ուշացել է, քանի որ պետք էր «ստուգել ԱՄՆ դեսպանատնից ստացված տեղեկատվությունը»։ Օգոստոսի 8-ին Կոլումբիայի ազգային պաշտպանության նախարար Իվան Վելասկեսը հաստատել է, որ իշխանությունները տեղեկություններ են ունեցել հնարավոր մահափորձի մասին, սակայն մանրամասներ չի հայտնել։