Պատմություն գրելը ԵՄ-ի պարտականությունների մեջ չի մտնում: Այս մասին հայտարարել է ԵՄ ընդլայնման ու հարեւանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, մեկնաբանելով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը պետք է Ֆրանսիայի Ազգային ժողովում քվեարկության դրվի դեկտեմբերի 22-ին:
Նրա խոսքով, ԵՄ պարտականությունն է փոխզիջման ապահովումը: «ԵՄ-ն խաղաղությանը, ժողովրդավարությանը, կայունությանն ու աշխարհամասի բարգավաճմանն ուղղված նախագիծ է»,-ասել է Ֆյուլեն, Եվրախորհրդարանում պատասխանելով եվրոպացի պատգամավորների հարցերին:
Նա կոչ է արել Թուրքիային ու Հայաստանին վավերացնել ստորագրված արձանագրություններն առանց նախապայմանների, ընդգծելով, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը կնպաստի Հարավային Կովկասում անվտանգությանը, կայունությանը եւ համագործակցությանը:
«Անցյալի վերքերը բուժելու համար անհրաժեշտ է խորաթափանցություն, համարձակություն եւ երկխոսություն»,- ասել է Ֆյուլեն թուրքական պետական գործակալությանը տված հարցազրույցում:




























