«Հաղթանակ» թաղամասի բնակիչներն այսօր՝ փետրվարի 19-ին, 5-հոգանոց խումբ են ձեւավորել և այս պահին Կառավարության 3-րդ մասնաշենքում հանդիպում են ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի, փոխքաղաքապետի և վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու իրենց հողերի սեփականաշնորհման հարցը:

Այս հանդիպումից հետո պարզ կդառնան իրենց հետագա գործողությունները:

Մինչ հանդիպումը բնակիչներից մեկը NEWS.am-ի հետ զրույցում նշեց. «Մեզ հետ կապի է դուրս եկել Սաշա Կատվալյանը, ով նաեւ թաղամասի բնակիչ է, նաեւ քաղաքական թիմի անդամ: Տաեւ ՏԿԵ նախարարն էր կամք հայտնել բնակիչներին ընդունելու: Ի սկզբանե մեր պահանջը եղել է, որ «Հաղթանակ» թաղամասում հանդիպենք, բայց այս մասշտաբով էլ եթե լինի հանդիպումը, կքննարկենք, կհասկանանք և կհրապարակենք ամեն ինչը:

ՏԿԵ նախարարի նախաձեռնությամբ է տեղի ունենում հանդիպումը, բոլոր կոմպետենտ մարմինների ներկայացուցիչները պետք է ներկա լինեն, որ հասկանանք, թե հարցն ինչ հետագա ընթացք է ունենալու»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Հաղթանակ» թաղամասի բնակիչները փակել էին ճանապարհը եւ իրենց խնդիրն էին բարձրաձայնում: Նրանք նշում էին, որ Հաղթանակ թաղամասի տարածքից մենակ 70 հեկտար դուրս են բերում որպես սանիտարական գոտի՝  անորոշ ապագայով, որի հետեւանքով բնակիչները չեն կարողանում իրենց սեփական տարածքների հետ կապված որեւէ գործարք իրականացնել: