ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ իրեն ասել է, որ բանակցային գործընթացը տեղի կունենա ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի մասնակցությամբ։

«Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, նախագահ Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ ինձ ասաց, և դա կարող եմ հաստատել, որ, իհարկե, Միացյալ Նահագները ելնում են նրանից, որ  բանակցային գործընթացը տեղի կունենա և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի մասնակցությամբ։ «Ոչ ոք Ուկրաինային չի բացառում այս գործընթացից»,-ըստ Интерфакс գործակալության՝ հայտարարել է Պուտինը։

«Հետևաբար, ռուս-ամերիկյան հանդիպմանը նման արձագանքի համար որևէ հիմք չկա»,- նշել է նա։

Նա հավելել է, որ Ռուսաստանի Դաշնությունն իր հերթին ԲՐԻԿՍ-ի շրջանակում «անկասկած կտեղեկացնի իր բարեկամներին»։

«Մենք գիտենք նրանց շահագրգռվածությունը ռուս-ուկրաինական հարաբերությունների կարգավորման, այս ճգնաժամի կարգավորման հարցում։ Եվ շատ մոտ ապագայում մենք նրանց կտեղեկացնենք ռուս-ամերիկյան բանակցությունների արդյունքների մասին»,- ընդգծել է երկրի ղեկավարը։