Համոզված չեմ, որ անհապաղ խաղաղություն հաստատելը մեծ հաջողություն է Ռուսաստանի համար։ Միանգամայն հնարավոր է պատկերացնել, որ Մոսկվան ձգձգում է բանակցությունները, եթե ռազմական հաջողությունները շարունակվեն։ Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
«Ես ամենևին համոզված չեմ, որ դա կարող է ընկալվել որպես Զելենսկու հաջողություն։ Ավելի շուտ ճիշտ հակառակն է, քանի որ համաձայնագրի կնքումը կարող է հավասարազոր լինել Զելենսկու քաղաքական մահվանը»,- նշել է նա։
Նրա գնահատմամբ՝ այս տարի հրադադար կարելի է սպասել, եթե գործընթացը բավական ինտենսիվ ընթանա։ «Չեմ կարծում, թե կարելի է խաղաղություն կնքել բոլոր կողմերի միջև վերջնական համաձայնության իմաստով, բայց որպեսզի կրակոցները դադարեցվեն, ինչ-որ սահման կհայտնվեր, գուցե խաղաղապահներ լինեն այս գծում, սա տեսականորեն կարելի է պատկերացնել»,-նշել է Իսկանդարյանը։
Ըստ նրա՝ Ռուսաստանը սեփական պայմաններն է առաջ քաշել: «Այս պայմաններն ինձ որոշ առումով մաքսիմալիստական են թվում։ Դրանք Արևմուտքի որոշ երաշխիքներ են Ուկրաինայի չեզոքության վերաբերյալ, դրանք ընտրություններ են Ուկրաինայում և դրանից հետո՝ խաղաղության պայմանագիրը։ Ըստ իս, դրանք այն պահանջները չեն, որոնք կարող են բավարարել բոլորին։ ԱՄՆ-ին ինչ-որ կարգավորում է անհրաժեշտ հաջողություն ցույց տալու համար, և այդ ժամանակ կարող է գործընթաց սկսել, որն էլ կորոշի, թե ինչպես գործերը կընթանան հետագայում»,- հավելել է փորձագետը:
Նա նշում է, որ Եվրոպայում շատերը չեն ողջունում նման գործընթացը, ինչի պատճառով էլ ԱՄՆ-ն առաջարկում է գործընթացը անցկացնել առանց Եվրոպայի մասնակցության։ Եվ այս առումով դա կլինի ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև համաձայնություն, որից հետո կմիանան մյուս խաղացողները։
«Եվրոպայի համար դա այնքան էլ ընդունելի չէ, քանի որ Եվրոպան մասնակցելու է Ուկրաինայի վերականգնմանը, ուստի նրանք ցանկանում են լինել բանակցությունների սեղանի շուրջ։ Ընդ որում, բացի հայտարարություններից, մինչ այժմ ոչինչ տեղի չի ունեցել։ Մենք հասկանում ենք, որ ամերիկա-ռուսական հարաբերությունները կբարելավվեն, բայց ինչ վերաբերում է ուկրաինական ճգնաժամին, ամեն ինչ դեռ առջևում է։
Որտե՞ղ է հիմա Գրենլանդիան, որի մասին խոսում էր Թրամփը: Այն դարձե՞լ է ԱՄՆ-ի մի մասը։ Արդյո՞ք Կանադան դարձավ ԱՄՆ 51-րդ նահանգը: Ի՞նչ է կատարվում Մեքսիկայի հետ: Որտե՞ղ է Պանամայի ջրանցքը: Մինչ Թրամփը հիմնականում խոսում է, դա կարելի է բավականին ակտիվ հռետորաբանություն անվանել, բայց այն, ինչ արվում է, բոլորովին այն չէ, ինչ ասվում է։ Ընտրություններից առաջ Թրամփը խոստացել էր Ուկրաինայի հետ խնդիրը լուծել 24 ժամվա ընթացքում։ Դա այնքան էլ չահաջողվեց:
Այն, որ Ուկրաինան դժվարություններ է ապրում, որ նույնիսկ սպառազինությունը, որը մատակարարվում է Ուկրաինային, բավարար չէ, ինչպես նաև այլ խնդիրներ կային դեռ Թրամփի իշխանության գալուց առաջ։ Այլ բան է, որ այս բոլոր խնդիրները քննարկման է հանել հենց Թրամփը։
Ֆինանսական օգնությունը, որը տրամադրվում էր Ուկրաինային դեռ պատերազմից առաջ, հիմնականում տրամադրում էր Եվրոպան, ոչ թե Միացյալ Նահանգները։ Զենքի տեսքով օգնությունը մեծապես տրամադրել է Միացյալ Նահանգները։ Հիմա շատ բան մեծ հաշվով կախված կլինի Ուկրաինայի՝ պայքարը շարունակելու և Ռուսաստանի՝ առաջխաղացումը շարունակելու և իր առավելություններն օգտագործելու կարողությունից»,- ընդգծել է Իսկանդարյանը։











