Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը կարող է թանկ նստել Ֆրանսիայի վրա, քանի որ թուրքական ԱԳՆ-ն  պատրաստել է գործողությունների պլան, որը  նախատեսում է  խզել Փարիզի հետ շփումները քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում: Փորձագետների գնահատականներով` դա ֆրանսիական ընկերություններին  բազմամիլիարդ վնաս է խոստանում, գրում է  «Կոմերսանտը»:

Նախագծի քվերակությունը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին:

Այդ օրինագծի լուրջ վտանգների մասին նախազգուշացրել է նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Էրդողանմը, ով անձամբ է դիմել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին` օրինագծի քվերակության չդնելու խնդրանքով:

Թերթը, վկայակոչելով թուրքական ԱԳՆ-ի աղբյուրները, հաղորդում է,  որ պատասխան գործողությունների  ծրագրում ենթադրվում է դիվանագիատական հարաբերությունների մակարդակի իջեցում եւ կապերի խզում բոլոր ոլորտներում: Անկարայի կողմից նման սխեմա արդեն կիրառվել է Իսրայելի պարագայում` կապված «Ազատության տորմիղի» միջադեպի հետ:

«Եթե փաստաթուղթն ընդունվի,  երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերություններին նկատելի վնաս կհասցվի»,- զգուշացրել է Թուրքիայի առեւտրային պալատների եւ բորսաների ղեկավար Ռիֆաթ Հիսարջիկլօղլուն:

Թերթը եզրակացնում է, որ Ֆրանսիայի վրա նրա սկզբունքայնությունն իսկապես կարող է շատ թանկ նստել: Երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կազմում է 11,5 մլրդ եվրո:  Փորձագետները  ֆրանսիական ներդրումները  թուրքական տնտեսությունում գնահատում են  6,5 մլրդ եվրո:

«Հարաբերությունների վատթարացումը կանդրադառնա նաեւ Թուրքիայի վրա: Հավանաբար, հենց այդ նպատակով է թուրք գործարարների դեսանտ մեկնել Փարիզ, ովքեր ֆրանսիացի գործընկերներին մտադիր են բացատրել օրինագծի ընդունման հետեւանքները»,-եզրակացնում է պարբերականը: