Միացյալ Նահանգների վարչակազմը Չինաստանի իշխանությունների հետ կքննարկի երկրում TikTok սոցիալական ցանցի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին չորեքշաբթի Ֆլորիդայից Վաշինգտոն վերադարձող ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«TikTok-ով հետաքրքրված են շատերը, եւ մենք մի ինչ-որ լավ բան անելու հնարավորություն ունենք, կխոսենք նաեւ Չինաստանի հետ»,- նշել է պետության ղեկավարը։
«Հրաշալի կլիներ պահել TikTok-ը եւ վաճառել այն որեւէ մեկին, որը հիանալի աշխատանք կկատարի»,- ավելացրել է նա: Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ ԱՄՆ-ում TikTok-ի արգելափակման հետաձգումը կարող է երկարաձգվել։
Փետրվարի սկզբին նախագահը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ ԱՄՆ ֆինանսների եւ առեւտրի նախարարությունները պետք է 90 օրվա ընթացքում Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարին ներկայացնեն երկրում բարեկեցության ինքնիշխան հիմնադրամ ստեղծելու ծրագիր։ Թրամփը հնարավոր է համարել, որ այդ ինքնիշխան հիմնադրամը կարող է օգտագործվել այդ թվում նաեւ TikTok-ի բաժնետոմսերի ձեռքբերման գործարքի շրջանակում։





























