Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 20-ի նիստում վերաբաշխում կատարեց 2025-ի բյուջեով ԿԳՄՍՆ-ին կապիտալ ծախսերի իրականացման համար  հատկացված միջոցներից՝  1 մլրդ 593 մլն 349 հազար դրամի չափով:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ այս փոփոխության նպատակն է ֆինանսական միջոցներ հատկացնել մի շարք կրթական եւ մարզական հաստատությունների ավարտական աշխատանքների ապահովման,  ավարտվող շինաշխատանքների պայմանագրերի մնացորդների վճարման, նաեւ մի շարք օբյեկտների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման համար:

«Նախորդ տարի մենք 541 դպրոցներում բնագիտական եւ տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ ենք հատկացրել, այս որոշմամբ վերջնական վճարումների որոշակի մասն ենք իրականացնում»,-ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավանդույթի համաձայն մանրամասն թվարկեց, թե որ ծրագրերի համար են վճարումներ կատարվելու:

Նա անհրաժեշտ համարեց իր եւ այլ պաշտոնյաների այցելությունները շինարարության վայրեր. «Մենք այդտեղից շատ տեղեկություններ ենք ստանում մեր աշխատանքի որակի մասին»: