Բրազիլիայի Գերագույն դատարանը ակնկալում է ավարտին հասցնել նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի դատավարությունը՝ հեղաշրջման փորձի գործով, մինչեւ 2026թ. սկիզբը, երբ երկրում տեղի կունենան նախագահական ընտրություններ։ Այս մասին հայտնել է Folha de S.Paulo թերթը։

Պարբերականի կողմից հարցման ենթարկված դատավորների խոսքով, որոնք խնդրել են չհրապարակել իրենց անունները, Գերագույն դատարանն ակնկալում է վճիռ կայացնել ոչ ուշ, քան 2025թ. երկրորդ եռամսյակի սկիզբը, որպեսզի ժամանակ ունենա բողոքները քննարկել մինչեւ տարեվերջ: Գործով ամբաստանյալների երկու փաստաբաններ թերթին ասել են, որ նման ժամկետները չափազանց կարճ են համարում քրեական հետաքննության համար, եւ խոստովանել են, որ կփորձեն ձգձգել գործընթացը։ Երեքշաբթի Բրազիլիայի գլխավոր դատախազությունը մեղադրանք է առաջադրել Բոլսոնարուին 2022թ. հեղաշրջման փորձի գործով, որը ներառում էր Բրազիլիայի առաջնորդ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի դեմ մահափորձը։ Ըստ քննության վարկածի՝ Բոլսոնարուն գիտեր, որ դավադրության մեջ ներգրավված զինվորականները ցանկանում էին թույլ չտալ Լուլա դա Սիլվային ստանձնել նախագահի պաշտոնը եւ պատրաստ էին սպանել նրան։ Բոլսոնարուն ժխտում է իր կողմից կատարված ցանկացած հանցագործություն եւ իրեն անվանում է քաղաքական հետապնդման զոհ՝ նպատակ ունենալով թույլ չտալ, որ ինքը մասնակցի ընտրություններին։

Մինչ Լուլա դա Սիլվայի երդմնակալությունը հեղաշրջման փորձ չի եղել, սակայն 2023թ. հունվարին՝ նրա պաշտոնը ստանձնելուց հետո, Բոլսոնարուի կողմնակիցները Բրազիլիայի մայրաքաղաքում անկարգություններ են կազմակերպել եւ փորձել գրավել կառավարական շենքերը։ Իշխանությունների տվյալներով՝ ջարդարարություններին մասնակցել է մոտ 5 հազար մարդ, ավելի քան 1,4 հազարը ձերբակալվել է։