ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, Ֆրանսիան ներկայացնող  Բեռնար Ֆասիեն չի կարծում, թե Կազանում նախագահների հանդիպումը փակուղի էր: Նման կարծիք նա հայտնեց այսօր` դեկտեմբերի 21-ին Երեւանում հրավիրված ասուլիսում:

Մեկնաբանելով ամռանը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` Կազանում կայացած հանդիպումը, Բեռնար Ֆասիեն նշել է, որ այդ հանդիպումից մեծ ակնկալիքներ, մեծ առաջընթացի հույսեր կային:  «Սակայն չեմ կարծում, թե դա փակուղի էր»,-նշեց Ֆասիեն` ավելացնելով, թե իրավիճակի համար տեղին է կիսով չափ լի կամ կիսով չափ դատարկ բաժակի օրինակը:

Պատասխանելով նախագահների հաջորդ հանդիպման մասին հարցին, ֆրանսիացի դիվանագետը հիշեցրել է դեկտեմբերի  6-7-ին Վիլնյուսում ԵԱՀԿ ԱԳՆ խորհրդի շրջանակում ընդունված հռչակագիրը, որտեղ հաստատվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հադիպման պատրաստակամությունը. «Չգիտեմ, երբ հանդիպում տեղի կունենա, սակայն այն սարերի ետեւում չէ»,- նշել է Ֆասիեն:

Հիշեցնենով, որ 7 տարի շարունակ եղել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահը, Ֆասիեն նկատել է, որ այդ ընթացքում կողմերի եւ միջնորդների կողմից նշանակալի աշխատանք է կատարվել: Նա հատկապես նշել է Մադրիդյան սկբունքների մշակման հարցում միասնական մոտեցումը:

Ինչպես նշել է Ֆասիեն, 14 սկզբունքները, որոնց էությունը համառոտ նկարագրվել էր վեց կետով Աքվիլայում, հետագայում փոփությունների են ենթարկվել, սակայն կոնցեպցիան դեռեւս բանակցային  սեղանին է: «Կարծում եմ` համանախագահող երկրները կարող են օգնել մոտեցնելու կողմերի դիրքորոշումները: Սակայն նրանք կողմերի փոխարեն որոշել չեն կարող»,-ընդգծել է Ֆասիեն:

Ըստ նրա` ներկայումս կարեւորը բարենպաստ մթնոլորտի ստեղծումն է կողմերի միջեւ, ինչը բավականին դժվար է ատելության մթնոլորտում եւ զոհերի պարագայում: «Խաղաղությունը միայն ղեկավարներից կախված չէ, այլ բոլոր մարդկանցից: Առաջին հերթին` բարի կամքի մարդկանցից»-ընդգծել է  ֆրանսիացի դիվանագետը: