ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն, ով ավարտում է իր առաքելությունը այդ պաշտոնում, հրաժեշտի այցելություն է կատարել Հայաստան: Նախքան Հայաստան գալը, նա եղել է Ադրբեջանում:
Երեւանում, հանդես գալով մամուլի ասուլիսում, Ֆասիեն նշել է, որ 7 տարվա լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, նկատում է ծանոթ դեմքեր լրագրողների մեջ:
Նրա խոսքով, առավոտյան ինքն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: «Առաջին անգամ այդ հուշահամալիր եմ այցելել 25 տարի առաջ»,-ասաց նա:
Այնուհետեւ Ֆասիեն եղել է Մատենադարանում, որպեսզի «կրկին տեսնի հրաշալի հարստությունները»,-այցելել է Էջմիածին եւ հանդիպել Գարեգին Բ-ին: Ֆրանսիացի դիվանագետը հայտնել է նաեւ, որ պատիվ է ունեցել հրավիրվել ճաշի Հայաստանի նախագահի կողմից, իսկ երեկոյան հրաժեշտ տալ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին:
Խոսելով միջնորդի իր աշխատանքի դժվարությունների մասին, Բեռնար Ֆասիեն նշեց. «Միջնորդի դերը միշտ չէ, որ հասարակ գործ է»: Խոսքն, ըստ նրա, ոչ այնքան շփման գիծը հատելու մասին է: ««Լինելով միջնորդ, դուք հարվածներ եք ստանում բոլոր կողմերից»,- նկատեց նա, հավելելով, որ լրագրողների հետ եւս դժվարություններ է ունեցել. Երբեմն գրում են մի բան, որը չի ասվել, երբեմն պահանջում են հարցազրույց, թեեւ դու ուշանում ես պաշտոնական հանդիպումից:
«7 տարվա ընթացքում ես աշխատել եմ ամերիկացի 3 եւ ռուս 2 համանախագահների հետ: Միասին մենք փորձել ենք օգնել կողմերի ղեկավարներին փոխզիջման ուղի գտնել եւ հասնել խաղաղ կարգավորման»,-նշեց Ֆասիեն: Նա հույս հայտնեց, որ կրկին Հայաստան կայցելի, բայց արդեն որպես տուրիստ կամ ընկեր:




























