«Անկախության հռչակագրի հղումի հարցը երբեք օրակարգում չի եղել, և չեմ էլ կարծում, որ լինի։ Մենք գրում ենք այնպիսի Սահմանադրություն, որն օրհնության կարժանացնեն Հայաստանի քաղաքացիները։ Ալիևն է դժգոհ հռչակագրի հղումից, Ալևին էլ ՀՀ քաղաքացի չէ և հանրաքվեին չի մասնակցելու։ Սահմանադրական բարեփոխումներն Ալիևի հետ  համաձայնեցնելու որևէ մոտիվացիա չկա»։ Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» խորհրդատվական ՀԿ-ի ծրագրերի համակարգող,  ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը։

«Բոլորս հասկանում ենք, որ եթե գրենք Սահմանադրություն, որը բխում է ոչ թե ՀՀ քաղաքացիների այլ, օրինակ, Ադրբեջանի իշխանությունների շահերից, այն ուղղակի օրհնության չի արժանանա ընտրական տեղամասերում։ Ալիևի պահանջը կա, մենք բոլորս ենք դա տեսնում, բայց դա ինձ համար՝ որպես խորհրդի անդամի, առաջնորդվելու հիմք չէ, որովհետև ինձ համար առաջնորդվելու հիմք են ՀՀ քաղաքացիների մոտեցումները»,–ասաց նա։

Դանիել Իոաննիսյանի խոսքով, Սահմանադրության մեջ պետք է նշվեն արտաքին քաղաքականության առաջնահերթությունները՝ օրինակ խաղաղությունը, հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների կարգավորումը, սակայն անկախության հռչակագրի հղումը փոխելու մասին խոսք գնալ չի կարող։