«Արցախյան շարժման ոգին էլի կարող է գալ, այդ մարդիկ կարող են էլի գալ, նրանց երեխաներն ավելի կրթված են, հայ ժողովուրդն էլի է վերածնունդ ունենալու։ Հիմա, իհարկե, անկման փուլի մեջ ենք, բայց դա ամենևին չի նշանակում, որ ժողովրդի ծոցում չկա այն էներգիան ու մոտիվացիան, որ կոչվում է անկախ պետականություն»։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։

«Այս մութ օրերը կգան ու կանցնեն, նիկոլներն անցողիկ են, և ժողովուրդը մի օր կհավաքի իրեն։ Իհարկե, ցավալի կլինի, եթե իմ ասած պորթկումը պայթյունի նման լինի, որովհետև դա կարող է ավելի վնաս բերել մեր պետականությանը։ Հնարավորինս էվոլուցիոն ճանապարհը՝ այն է ընտրությունների կամ  հրաժարականի միջոցով երկիրն այս փորձանքից ազատվի, և մենք դուրս գանք ազատ ճանապարհ։ Իհարկե, վնասներ անշուշտ լինելու են, երևի այս փուլում մեր խնդիրը պետք է լինի այս փորձություններն անցնել նվազագույն կորուստներով»,–ասաց նա։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին հայտարարությանը, Արամ Մանուկյանն ասաց.

«Ես չեմ լսել որևէ հիմնավոր բացատրություն, թե ինչու Հայաստանի տարածքը 29 800 հազարից դարձավ 29 հազար 743 ք/կմ, ու՞ր կորավ այդ 300 ք/կմ–ը։ Մենք բոլոր միջազգային կառույցներ մտել ենք մեր փաստաթղթերով, 29 հազար 800 ք/կմ–ը ֆիքված թիվ է, և ոչ մի հիմնավորում չկա, թե ինչու 29 հազար 743 ք/կմ։ Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում Ալիևի կողմից հստակ պահանջներ են հնչում. Սահմանադրության փոփոխություն, անկախության հռչակագրի հղման հանում, Մինսկի խմբի լուծարում,  միջազգային դատարաններում մեր հայցերի հետ կանգնել և այլն։ Այս պահանջները հնչել են Ադրբեջանից, Հայաստանը բոլոր պահանջները հերթով մերժել է, բայց հետո դրանք բոլորը դարձել են մեր օրակարգի խնդիրները՝ իբրև թե մեր նախաձեռնությամբ։ Անբարոյականի կեցվածք ընդունելով դա դարձրել են հայկական օրակարգ»,–ասաց Արամ Մանուկյանը։

Նրա խոսքով, Հայաստանի իշխանությունները կատարում են Ադրբեջանի կողմից ներկայացվող պահանջները՝ դրանք քողարկելով սեփական նախաձեռնությունների տակ։ Հարցին, թե ինչու՞ է դա արվում, Արամ Մանուկյանը պատասխանեց.

«Ըստ նրանց պարզունակ մտածողության և դիվանագիտության, դա կարող է երկրի ամբողջականությունը և պետականությունը պահելու հիմք հանդիսանալ։ Բայց գոնե մենք համոզվեցինք, որ այս թռի–վռի քաղաքականությունը արևմուտքի, Թուրքիայի և եվրոպական կազմակերպությունների հետ, չիրականացավ։ Ղարաբաղը տվեց առանց որևէ բանի, դատական հայցերը, որով մենք պետք է այդ մարդկանց իրավունքները պաշտպանեինք՝ զրոյացրեց։ Մենք այսօր խաղաքարտ չունեցող երկիր ենք»։

Արամ Մանուկյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանի ուղերձը ոչ թե հայ ժողովրդին, այլ Ալիևին և Էրդողանին էր ուղղված։

«Որը նշանակում է՝ ես փոխում եմ Սահմանադրությունը, տեսնեմ՝ էլ ինչ պահանջ եք ունենալու։ Երեկվա ելույթը կենացների հավաքածու էր, բայց այդ շիլաշփոթի տակ թաքնված էր հետևյալը՝ պարո՛ն Ալիև, պարո՛ն Էրդողան, ես փոխում եմ Սահմանադրությունը, հանում եմ հղումը անկախության հռչակագրին։ Դա մի նպատակ ունի՝ անկախության հռչակագրի նախաբանից հրաժարվելը»,–ասաց նա՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ուղերձին։