Մենք պարտավոր ենք Արցախի հարցը համարել չկարգավորված, մենք պարտավոր ենք Արցախը պահպանել որպես հայկական, որովհետեւ դա մեզ համար այն դարպասներն են, որը բերում է Հայաստան եւ Հայաստանը դարձնում է պաշտպանված: Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

«Անդրադառնալով Փաշինյանի երեկվա ելույթին կարող եմ ասել, որ ցնդաբանություն էր, ասածի միակ իմաստն այն էր, որ Սահմանադրությունը պետք է փոխել: Ինձ համար բացարձակ միեւնույն է, ինքը գործակալ է, գործակալ չի, մեզ համար հասկանալի է, որ ինքը հիմա մեր պետության շահերը դրել է մի կողմ, միայն իր անձնական  խնդիրներն է փորձում կարգավորել: Դրա համար Սահմանադրության փոփոխության հարցը մենք պետք է ընդհանրապես բացառենք, որովհետեւ սրան պետք է հեռացնենք իշխանությունից, ուրիշ ելք չունենք»,- ասաց Սարգսյանը՝ կոչ անելով միասնական լինել:

Նա նաեւ նշեց, որ անհրաժեշտ է նաեւ դիմել Մինսկի խմբի համանախագահներին, որպեսզի նորից միջազգայնացվի Արցախի հարցը: