ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովը աշխատանքային հանդիպում է ունեցել Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևի հետ:
Ինչպես հաղորդել են ՌԴ գերատեսչության մամուլի ծառայությունից՝ կողմերը դիտարկել են վառելիքաէներգետիկ ոլորտում համագործակցության հեռանկարային ոլորտներ։
Նախարարը ներկայացրել է տեխնոլոգիական անկախության հասնելու նոր մոտեցում, որի կենտրոնում վառելիքաէներգետիկ համալիրն է՝ որպես տնտեսության հիմք։ Մոդելը ներառում է ռուսական ընկերությունների հիմնական մշակումները։
Կողմերը քննարկել են տեխնոլոգիական լուծումների փոխանակման ոլորտում համագործակցությունը, դեպի Իրան գազատարի կառուցման նախագիծը, որը կանցնի Ադրբեջանի տարածքով, ինչպես նաև վառելիքաէներգետիկ համալիրի բոլոր ոլորտներում համագործակցության զարգացումը։
«Ռուսաստանը և Ադրբեջանը կառուցողական երկխոսություն են զարգացնում էներգետիկ հարցերով՝ ինչպես նավթի և գազի, այնպես էլ այլ ոլորտներում, հենվելով երկար տարիների մեր հսկայական համատեղ փորձի և մեր ընդհանուր պատմության վրա: Մենք կարևորում ենք մեր բարեկամական հարաբերությունները Ադրբեջանի հետ»,- ընդգծել է Ցիվիլյովը։





























