Վրաստանի լեյբորիստական կուսակցությունն այսօր` դեկտեմբերի 21-ին, Թբիլիսիում նախագահի նստավայրի դիմաց ակցիա է կազմակերպել «Փչացնենք Միխայիլ Սահակաշվիլիի ծննդյան օրը» կարգախոսով:
Ինչպես հաղորդում է «Նովոստի Գռուզիա»-ն, ակտիվիստները Սահակաշվիլիի համար յուրահատուկ նվեր են բերել` փայտից պատրաստված երկումետրանոց կախաղան, որից կապված է եղել Վրաստանի քարտեզը (Հարավային Օսիան ու Աբխազիան` կարմիր գույնով):
Կուսակցության գլխավոր քարտուղար Սոսո Շատբերաշվիլիի խոսքով, ակցիայի նպատակը շատ պարզ է` փչացնել Սահակաշվիլիի տրամադրությունը: «Մենք ցանկանում էինք փչացնել Սահակաշվիլիի տրամադրությունը հենց իր ծննդյան օրը: Կարծում եմ, մեզ դա հաջողվեց»,-ասել է նա:
Շատբերաշվիլիի ներկայացմամբ, «հենց այսպես Միխայիլ Սահակաշվիլին «կախաղան հանեց» Վրաստանը եւ խորհուրդ ենք տալիս նրան այս նվերը դնել իր աշխատանսենյակում»:
Նշենք, որ այսօր` դեկտեմբերի 21-ին, Միխայիլ Սահակաշվիլին դարձավ 44 տարեկան:




























