Ավստրալիայի դաշնային ոստիկանությունը (AFP) Սիդնեյում ապամոնտաժել է գաղտնի լաբորատորիա և առգրավել ավելի քան 11 տոննա պրեկուրսորներ։ Այս մասին ասվում է գերատեսչության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
AFP-ն հաղորդում է, որ թմրանյութերի լաբորատորիայի ապամոնտաժումը խոշոր հետաքննության արդյունք էր, որը սկսվել էր այս տարվա հունվարին՝ հինգ մարդու ձերբակալությունից հետո, ովքեր փորձում էին ապօրինի կերպով ավելի քան 500 կգ թմրանյութ ներմուծել Ավստրալիա: «Քննությամբ ձեռք բերված տեղեկատվությունը թույլ է տվել ոստիկաններին հայտնաբերել լաբորատորիայի շենքը և խուզարկություն կատարել, որի ընթացքում քննիչները հայտնաբերել են մետամֆետամինի արտադրության ավելի քան 11 տոննա պրեկուրսորներ», - հայտնել են ոստիկանությունից՝ նշելով, որ տեղում հայտնաբերվել են նաև «հարակից արդյունաբերական սարքավորումներ, սառնարանային կայանքներ և պտտվող գոլորշիացուցիչներ»։
Լաբորատորիայի ապամոնտաժումից հետո դրա հետևում կանգնած թմրամիջոցների սինդիկատի հետաքննությունը կշարունակվի. «Մեր հետաքննիչները կշարունակեն բացահայտել և ձերբակալել բոլորին, ովքեր պատասխանատու են Ավստրալիա պրեկուրսորների ներմուծման և թմրանյութերի արտադրության համար», - ասել է AFP-ի հրամանատարի պաշտոնակատար Փիթեր Ֆոգարտին:



























