Բալթիկ ծովում ևս մեկ մալուխ է վնասվել: Դրա մասին հայտնել են ֆիննական Yle հեռարձակող ընկերությունը և շվեդական TV4 հեռուստաալիքը՝ վկայակոչելով շվեդական առափնյա պահպանությանը։

Կտրվածքը տեղի է ունեցել շվեդական Գոթլանդ կղզու ափերի մոտ՝ վնասվել է Ֆինլանդիան և Գերմանիան կապող մալուխը, հայտնում է BBC-ն։

Շվեդիայի առափնյա պահպանության տվյալներով՝ դեռ պարզ չէ, թե կոնկրետ երբ է տեղի ունեցել մալուխի խզումը, սակայն շվեդական իշխանությունները միջադեպի մասին տեղեկացել են փետրվարի 20-ին։ Շվեդիայի դատախազությունը միջադեպի հետաքննություն է սկսել։

Վերջին ամիսներին Բալթիկ ծովում մալուխների խզումները բավականին հաճախ են տեղի ունենում։

2024 թվականի նոյեմբերի կեսերին հայտնի դարձավ, որ Ֆինլանդիայի, Գերմանիայի, Շվեդիայի ու Լիտվայի միջև Բալթիկ ծովում վնասվել են ստորջրյա հեռահաղորդակցության մալուխները։

2025 թվականի հունվարի վերջին վնասվել է Լատվիայի և Շվեդիայի միջև օպտիկամանրաթելային մալուխը, որն անցնում է Բալթիկ ծովի հատակով։ Շվեդիայի դատախազությունը նույնպես այն ժամանակ հայտարարեց, որ հետաքննություն է սկսել հնարավոր դիվերսիաների վերաբերյալ։

Հաղորդվել է, որ մալուխի վնասման պատճառով նավ է կալանվել, և եղել են ենթադրություններ, որ տարածքում նավարկող ռուսական «ստվերային նավատորմի» նավերը ներգրավված են խզումների մեջ, սակայն պաշտոնական մեղադրանք չի առաջադրվել։