Ռոտերդամում հրազենով երեք մարդու սպանած տղամարդը դատապարտվել է ցմահ ազատազրկման։

Մեղադրող կողմը Ֆուադ Լ.-ի համար 30 տարվա ազատազրկում և հարկադիր հոգեբուժական բուժում է պահանջել, սակայն դատավորը նրան ցմահ ազատազրկման է դատապարտել, հայտնում է NOS-ը։

«Սպանությունն ու հրկիզումը ամենածանր հանցագործություններից են»,-ըստ NU.nl-ի՝ նշել է դատավորը։

28 տարի անց Ֆուադ Լ.-ն պայմանական վաղաժամկետ ազատման իրավունք կստանա։ Մեղադրող կողմի պահանջած պատիժը կնշանակեր, որ նա կարող է ազատ արձակվել միայն հոգեբուժական բուժումը հաջողությամբ ավարտելուց հետո, հաղորդում է BBC-ն:

2023 թվականի սեպտեմբերին Ֆուադ Լ.-ն կրակել և սպանել է իր հարևանին՝ 39-ամյա Մարլուսին և նրա 14-ամյա դստերը՝ Ռեմիին։ Այնուհետեւ նա գնացել է «Էրազմուս» բժշկական կենտրոն եւ սպանել այնտեղ դասավանդող 43-ամյա բժիշկ Յուրգեն Դամենին։ Տղամարդը նաև հրկիզել է իր տունն ու բժշկական կենտրոնը։

Ֆուադ Լ.-ն դատարանին պատմել է, որ հանցագործության դրդապատճառը ուսումնառության ավարտին իրեն բժշկական դիպլոմ տալուց հրաժարվելն է։