Կրիպտոարժույթի Bybit բորսան ենթարկվել է հաքերային հարձակման, հայտնել է ընկերությունը: Reuters գործակալության տվյալներով, արդյունքում՝ Ethereum-ի մեկ սառը դրամապանակից 1,5 մլրդ դոլարի միջոցները փոխանցվել են չպարզված հասցեին:

Ընկերությունը հավաստիացրել է, որ մյուս դրամապանակները չեն վնասվել, եւ հաճախորդների միջոցները մնում են պաշտպանված, քանի որ եթե անգամ գողացված գույքը չվերադարձվի, բոլոր կորուստները կփոխհատուցվեն ապահովագրությամբ, հայտնել է DW-ն։ «Թափանցիկությունն ու անվտանգությունը մնում են մեր առաջնահերթությունները»,- նշվել է Bybit-ի հայտարարությունում:

Միեւնույն ժամանակ, ինչպես խոստովանել է Bybit-ի հիմնադիր Բեն Չժաոն, հաքերային կոտրումից հետո հարթակում գրանցվել են միջոցների «զանգվածային դուրսբերումներ»: Ձեռնարկատիրոջ խոսքով՝ միջադեպը հետաքննում են ընկերության սեփական անվտանգության աշխատակիցները, ինչպես նաեւ բլոկչեյնի քրեագիտական առաջատար փորձագետները:

Reuters-ի տվյալներով՝ Bybit ընկերությունը սպասարկում է ավելի քան 60 մլն օգտատերերի ամբողջ աշխարհում եւ առաջարկում է տարբեր կրիպտոարժույթների հասանելիություն, ներառյալ բիթքոինը եւ Ethereum-ը։