Այսօր Վաշինգտոնում AYF-YOARF Հայ Երիտասարդական Դաշնակցության «Անի» մասնաճյուղը համայնքի անդամների հետ միասին հավաքվել էր Ադրբեջանի դեսպանատան մոտ, որպեսզի իր բողոքն արտահայտի Սումգայիթի կոտորածի, Բաքվի, Կիրովաբադի և Մարաղայի ջարդերի 37-րդ տարելիցի կապակցությամբ: Համայնքի անդամները միջազգային գործողություններ են պահանջել, որպեսզի Ադրբեջանին պատասխանատվության ենթարկեն Արցախի էթնիկ զտումների, ինչպես նաև հայ ռազմագերիներին ազատ չարձակելու համար։

Բողոքի ակցիան սկսվել է AYF DC  «Անի»-ի գործադիր անդամ Նարեկ Սաքայանի ելույթով, որը դատապարտել է Ադրբեջանի գործողությունները՝ հայտարարելով. «Հայկական հարցին, ազատ շնչել փափագող հայերի ցանկությանը ադրբեջանական պատասխանն էր՝ այնպես անել, որպեսզի նրանք ընդհանրապես չշնչեն»։

Այնուհետև Մեթ Ժիրարդին նշել է Արցախի տոկուն ոգին` հայտարարելով. «Արցախի ուժեղ և վճռական ժողովուրդը դեռ փակված չէ պատմության գրքերի էջերում: Ստեփանակերտում սեր ու ուրախություն գտած ընտանիքները դեռ ողջ են։ Ազատ Շուշիում ծնված փոքրիկները նախկինի պես ջանասեր աշակերտներ ու ժիր երեխաներ են։ Խաղաղության և ինքնորոշման իրավունքի համար պայքարած վետերաններն առաջվա պես լցնում են մեր եկեղեցիներն ու համայնքային կենտրոնները։ Մեր պարտքն է համերաշխ լինել նրանց հետ այժմ և հավիտյան»:

Այնուհետև ANCA-ի քաղաքականության գծով տնօրեն Ալեքս Գալիցկին ընդգծել է տոկունության կարևորությունը՝ հայտարարելով. «Այսօր, երբ մենք սգում ենք Արցախի ցեղասպանական շրջափակումն ու էթնիկ զտումը, մեր 120․000 հայրենակիցների բռնի տեղահանումը, հայ գերիների խոշտանգումները, մեր ժառանգության ոչնչացումը, մենք պետք է հիշենք, որ սփյուռքում չենք կարող մեզ հուսահատվելու շքեղություն թույլ տալ։ Միակ պատճառը, որ մենք այսօր ազգ ունենք, միակ պատճառը, որ ունենք այստեղ որպես հայ կանգնելու արտոնությունը, դա նրանք են, որոնք դիմադրել են»:

Բողոքի ակցիան ավարտվել է զոհվածների հիշատակի և հայ ռազմագերիների ազատության աղոթքով։