ՀՀ առողջապահության նախարարԱնահիտ Ավանեսյանը  մասնակցել է արյան դոնորությանը նվիրված միջոցառմանը:

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում, բայց մի բան պետք է մենք՝ բոլորս տանք՝ դա արյունն է։ Առանց բոլորիս ներգրավվածության այս ամբողջ ջանքերը զուր են։ Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը»,- անշել է առողջապահության նախարարը։

Կարևորելով մեր երկրում արյան դոնորության մշակույթի ձևավորումը՝ պետական կառավարման ոլորտի, բիզնեսի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները հավաքվել էին քննարկելու արյան դոնորության հետ կապված խնդիրները։

«Առողջապահական համակարգի կայունության ապահովման երաշխիքներից է արյան բավարար պաշարի առկայությունը, ուստի շատ կարևոր է դոնորության ամուր համակարգ ունենալը»,- նշել է Անահիտ Ավանեսյանն ընդգծելով, որ կյանք պարգևող այս քայլը չպետք է անենք միայն աղետի, պատերազմի օրերին, արյան կարիք կա ամեն օր։

Նախարարը նաև տեղեկացրել է, որ եթե լինեն կազմակերպություններ, որոնց աշխատակիցները ցանկություն կունենան արյուն հանձնել, շարժական կայանը կարող է մոտենալ և տեղում կազմակերել արյունատվությունը՝ խնայելով դոնորի ժամանակը։

Հանդիպմանը մասնակիցները ներկայացրել են իրենց փորձը, դիտարկումներն ու առաջարկները՝ կարևորելով նմանօրինակ միջոցառումների անհրաժեշտությունը պետական, մասնավոր և հասարակական կառույցների միջև համագործակցության ամրապնդման, արյան դոնորության ոլորտում առկա մարտահրավերների և հնարավորությունների քննարկման, ինչպես նաև իրազեկվածության բարձրացման և հասարակության ներգրավվածության խթանման գործում։

Միջոցառումը նաև հնարավորություն էր` գտնելու նոր դոնորներ, որոնք պատրաստ են տարվա ընթացքում մի քանի անգամ արյուն նվիրաբերել։