Իսպանիայի ոստիկանությունը կիրակի օրը հայտարարել է, որ ոչնչացրել է մարդկանց առևտրով զբաղվողների ցանցը, որը, ըստ նրա, վերջին մեկ տարվա ընթացքում շահագործել է ավելի քան 1000 կանանց, հիմնականում կոլումբիացիների և վենեսուելացիների, հաղորդում է AFP-ն:

Ինչպես նշել են իսպանացի իրավապահները, «հիմնականում հարավամերիկյան ծագումով զոհերին գայթակղել են Իսպանիայում աշխատանքի կեղծ առաջարկներով»։

Գործողության ընթացքում ոստիկաններին հաջողվել է փրկել 48 կնոջ և 48 ձերբակալություն իրականացնել։

Ձերբակալվածներից շատերը, այդ թվում՝ խմբավորման երեք ենթադրյալ պարագլուխները՝ երկու կոլումբիացի և մեկ իսպանացի կանայք, կալանքի տակ են պահվում արևելյան Ալիկանտե քաղաքի տարածքում։

Կանանց հավաքագրել են իրենց երկրներում՝ «հիմնականում Կոլումբիայում և Վենեսուելայում, մաքրության կամ գեղեցկության ոլորտում  աշխատանքի կեղծ առաջարկներով»:

Իսպանիա ժամանելուն պես «տեղափոխել են ակումբներ, որտեղ նրանք ենթարկվել են սեռական շահագործման» և «շուրջօրյա հարկադիր աշխատանքի»։

Նրանց թույլ են տվել փողոց դուրս գալ օրական ընդամենը երկու ժամ, իսկ մնացած ժամանակ պահել են տեսահսկման տակ։

Ոստիկանությունից հայտնում են, որ ձերբակալվածներից 6-ը նախնական կալանքի տակ են գտնվում։