Հայաստանի բանկերը հակապատժամիջոցային գործունեությամբ չեն զբաղվում, քանի որ դա մեծ ռիսկեր է պարունակում, որովհետեւ այդ դեպքում նրանք կարող են զրկվել լիցենզիաներից եւ արտաքին աշխարհի հետ շփումից։ Այս մասին EconoMIX ծրագրի շրջանակում հայտնել է Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի եւ տնտեսագիտության քոլեջի դեկան, ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։
Նրա գնահատմամբ՝ հայկական բանկերը ճկունություն են ցուցաբերել համապատասխան ծառայությունների մատուցման հարցում։
«Այս առումով Հայաստանի տնտեսության համար էական ռիսկեր չեմ տեսնում»,- նշել է նա։
Գաբրիելյանը կարծում է, որ եթե անգամ գները նվազեն անշարժ գույքի շուկայում, դա էական ազդեցություն չի ունենա բանկային հատվածի վրա կապիտալի եւ չաշխատող վարկերի առումով։
Անշարժ գույքի շուկայում առկա է հիպերինֆլյացիա՝ միջինը մինչեւ 25 տոկոս, իսկ եթե անշարժ գույքի շուկայում գները նվազեն 10-15 տոկոսով, ապա դա, ըստ փորձագետի, խնդիրներ կստեղծի, բայց Հայաստանում կոլապս չի լինի, թեեւ այլ երկրներում նման փոփոխությունները կարող են հանգեցնել դրան։
«Շատ տարիներ առաջ ընդունված օրենքի շնորհիվ Հայաստանում կառուցապատողները չեն կարող նույն բնակարանը վաճառել երկու-երեք անձի։ Բացի այդ, նրանք չեն կարող չավարտել շինարարությունը, եթե ստացել են ամբողջ գումարը»,- եզրափակել է Գաբրիելյանը։











