Ադրբեջանը հասկանում է Ռուսաստանի Դաշնության հետ դաշինքի կարևորությունը, և Մոսկվան ակնկալում է, որ Բաքուն իր հետագա քայլերում դրանով կառաջնորդվի։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը` ի պատասխան Բաքվում Ռուսաստանի տան փակման և Sputnik Ադրբեջանի վերացման ֆոնին երկրների հարաբերությունների մասին հարցին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Վստահ եմ, որ պաշտոնական Բաքուն հասկանում է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային համագործակցության կարևորությունը»,- ասել է նա։ «Ես կցանկանայի հուսալ, որ մեր ադրբեջանցի գործընկերներն իրենց հետագա քայլերում կառաջնորդվեն մեր ղեկավարների պայմանավորվածությունների կատարման բացառիկ կարևորության ըմբռնմամբ, ինչը վերաբերում է մեր հարաբերությունների ողջ շրջանակին»:
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն հայտարարել էր, որ Ադրբեջանում «Russia Today» մեդիա խմբի ներկայացուցչությունը (Sputnik Ադրբեջան) դադարեցրել է գործունեությունը։ Նա պարզաբանել է, որ ընկերությունը հանրապետությունում կարող է հավատարմագրում ստանալ միայն մեկ թղթակցի համար։
Փետրվարի 6-ին Հաջիզադեն հայտնել է, որ փետրվարի 3-ին Բաքուն նոտա է հղել Մոսկվա՝ Ադրբեջանում Ռուսական տան գործունեությունը դադարեցնելու մասին՝ որպես իրավաբանական անձ գրանցված չլինելու պատճառով։





























