Այսօր, երբ աշխարհը շարունակում է բախվել դաժան հակամարտությունների, բռնի տեղահանության և հիմնարար իրավունքների կոպիտ խախտումների հետևանքներին, Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների հիմնասյունն ամրապնդելու հրատապությունն առավել, քան երբևէ արդիական է: Այս մասին ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում իր ունեցած ելույթում նշել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ոճրագործությունների և կոպիտ խախտումների մասշտաբն ու ծանրությունը, ինչպես նաև արդյունավետ կերպով կանխելու և պատասխանատվություն ապահովելու մեր հավաքական անկարողությունը վտանգի տակ են դնում այն հիմնարար արժեքների ամբողջությունը, որոնց հիման վրա ստեղծվել են Միավորված ազգերի կազմակերպությունն ու նրա մարդու իրավունքների համակարգը, հիմնարար նորմերը, որոնց բոլորս և յուրաքանչյուրս համաձայնել ենք առանց վերապահումների։

Այս պայմաններում մարդու իրավունքների համակարգի դերը և տեսանելիությունը կտրուկ աճել են։ Ավելի ու ավելի շատ մարդիկ, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ և այլ շահագրգիռ կողմեր համագործակցում են Մարդու իրավունքների խորհրդի հետ, հղում են կատարում Հատուկ ընթացակարգերին և պայմանագրային մարմինների մեխանիզմներին։ Սա վկայում է, որ մարդու իրավունքների հենասյունը շարունակում է մնալ հույսի և արդարության ոգեշնչման աղբյուր միլիոնավոր մարդկանց, մեր քաղաքացիների համար»: