Հպարտությամբ կարող եմ նշել, որ նույնիսկ ամենադժվարին ժամանակներում Հայաստանը շարունակում է առաջընթաց գրանցել իր ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և զորացման, դատական անկախության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ՝ ավելի հավասար և արդար հասարակություն կառուցելու համար: Այս մասին ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում իր ունեցած ելույթում նշել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք վերջերս հիմնել ենք Մարդու իրավունքների ոլորտում միջազգային հաշվետվողականության ամրապնդման և դրանից բխող հետագա քայլերի ապահովման ազգային մեխանիզմ և դիտարկում ենք այն որպես կարևոր ներպետական գործիք՝ քաղաքականության բոլոր ոլորտներում իրավունքահեն մոտեցում ապահովելու համար։ Այս տարվա ընթացքում Հայաստանը կներկայացնի իր 4-րդ Համընդհանուր պարբերական զեկույցը, որն ամփոփվել է պետական և ոչ պետական դերակատարների միջև բազմաթիվ խորհրդակցությունների հիման վրա։

Հայաստանը հաստատակամ է մնում մարդու իրավունքների՝ թե՛ ներպետական, թե՛ գլոբալ մակարդակներում պաշտպանության և խթանման իր հանձնառության մեջ։ Մենք ձգտում ենք հարթակներ տրամադրել տարբեր կարծիքների համար և լուծումներ գտնել մարդու իրավունքների ու հումանիտար ոլորտների առավել սուր խնդիրների համար։

Այս համատեքստում, անցած տարվա դեկտեմբերին Հայաստանը հյուրընկալեց  «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ Գլոբալ ֆորումը։ Ֆորումը համախմբեց պաշտոնյաների, նշանավոր փորձագետների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերի մանդատակիրների, քաղաքացիական հասարակության և գիտական շրջանակների ներկայացուցիչների, ովքեր անդրադարձան կանխարգելման օրակարգը ձևավորելու և առաջ մղելու գործում փոքր պետությունների դերին, քննարկեցին ՄԱԿ-ի վաղ նախազգուշացման և արագ արձագանքման մեխանիզմների զարգացումը՝ կենտրոնանալով գործառնական և քաղաքական համահունչության բարելավման անհրաժեշտության վրա։

Մասնակիցները նաև քննարկեցին տարբեր տարածաշրջանային և համաշխարհային կազմակերպությունների, ինչպես նաև համաշխարհային դատական մարմինների գործառույթներն ու դերերը, ինչպես նաև ընդհանուր բազմակողմ ճարտարապետության բացերը:

Հայաստանը նաև հյուրընկալել է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպումը՝ մշակութային ժառանգության պաշտպանության հարցը դնելով քննարկումների առանցքում։

Հաջորդ տարին առանցքային նշանակություն կունենա իմ երկրի և գլոբալ բնապահպանական նպատակները խթանելու մեր հանձնառությունների համար, քանի որ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի 17-րդ նստաշրջանը (COP17) տեղի կունենա Հայաստանում։

Մենք առաջնահերթ կարևորություն ենք տալիս «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի ներառական համաժողովի կազմակերպմանը։ Հայաստանի նախագահությունը կձգտի կազմակերպել արդյունավետ համաժողով՝ լիարժեք և բովանդակալից մասնակցությամբ՝ ներառելով քաղաքացիական հասարակությանը, գիտական շրջանակներին, բնիկ ժողովուրդներին, տեղական համայնքներին, կանանց և երիտասարդական կազմակերպություններին և այլ համապատասխան շահագրգիռ կողմերին:

Հայաստանն ակնկալում է համագործակցել ՄԱԿ-ի անդամ պետությունների, քաղաքացիական հասարակության և ոչ կառավարական կազմակերպությունների հետ այս կարևորագույն միջազգային բնապահպանական համաժողովի արդյունավետ կազմակերպման գործում՝ գլոբալ բնապահպանական գործընթացները կայուն զարգացման ուղու վրա վերադարձնելու և բազմաշահառու մասնակցության առումով իրական ներառականություն ապահովելու համար»: