Վեց տարի առաջ, երբ ես առաջին անգամ զբաղեցրեցի այս պաշտոնը, Հայաստան-Եվրամիության հարաբերությունները և մեր միջխորհրդարանական կապերը լրիվ այլ մակարդակում էին. պիտի անկեղծորեն ասեմ, որ այն ժամանակ ես չէի զգում, որ Եվրոպական խորհրդարանը հետաքրքրված է մեր տարածաշրջանի խնդիրներով ամենայն մանրամասնությամբ: Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, Երևանում ընթացող Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի բացմանը իր խոսքում նշեց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

«Այո,  լինում էին բանաձևեր, լինում էին քննարկումներ, բայց ես զգում էի, որ ԵՄ խորհրդարանը ունի այլ առաջնահերթություններ այլ տարածաշրջաններում, մի բան, որը էականորեն փոխվեց անցած տարիների ընթացքում և մենք հիմա տեսնում ենք, հատկապես անցած երկու-երեք տարիների ընթացքում, ինչ կարևոր տեղ են զբաղեցնում մեր տարածաշրջանային անվտանգության հարցերը ԵՄ խորհրդարանի օրակարգում և որպես հետևանք նաև ԵՄ մարմինների օրակարգում։

Ես պիտի ասեմ, որ այս անցնող տարիների ընթացքում ԵՄ խորհրդարանը եղել է արդարության, ազատության, ջահակիրը եվրոպական ինստիտուտների շրջանում։ Բոլոր այն նախաձեռնությունները, որոնք մենք այստեղ թվարկեցինք, լինի դա ԵՄ դիտորդական առաքելությունը, լինի ԵՄ խաղաղության գործիքակազմից օգտվելը, լինի վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը, լինի անվտանգության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցությունը, բոլոր այս նախաձեռնությունները սկզբում քննարկվել են ԵՄ խորհրդարանում, հետո նոր դարձել են քաղաքական խոսույթ շատ զգույշ, հետո նոր մտել են արդեն ԵՄ խորհրդի օրակարգ և դարձել են իրողություններ»,-ասաց Եղոյանը:

Նա տեղեկացրեց, որ այժմ Հայաստանը Եվրամիության հետ քննարկում է գործընկերության նոր օրակարգը. «Դա մեր հարաբերությունները տանում է մեր առկա իրավապայմանագրային բազայից անդին: Ինչպես նաև ես ուզում եմ տեղեկացնել, որ 2 շաբաթ առաջ ՀՀ խորհրդարանը հավանության արժանացրեց ՀՀ քաղաքացիների կողմից մեր քննարկմանը ներկայացված օրենքի նախագիծը, որով Հայաստանի Հանրապետությունը սկսում է ԵՄ-ին անդամակցության գործընթացը։ Սա մեր քաղաքացիների մի ստվար հատվածի պահանջն էր և իշխող մեծամասնությունը խորհրդարանում որոշեց ընդառաջել այս նախաձեռնությանը, գործընթացի կառավարումը վերցնել իր ձեռքը և այն առաջ տանել, բնականաբար կառավարության հետ ներդաշնակ աշխատանքի միջոցով»,-ասաց նա: