ՀՀ քաղաքացիներին թմրամիջոցների և հոգեմետ նյութերի կործանարար ազդեցությունից զերծ պահելու, ինչպես նաև դրանց ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեպքերը կանխելու ուղղությամբ Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է սկզբունքային պայքարը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՊԵԿ-ից:
Օրերս «Ապավեն Տերմինալ» ՓԲ ընկերության մաքսային հսկողության գոտում մաքսային հսկողություն է իրականացվել ԱՄՆ-ից «Տրանս Շիփփինգ» ՍՊ ընկերության միջոցով ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանիների նկատմամբ, որի ընթացքում Մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոն-բաժնի հատուկ վարժեցված շունը Ա․Գ․-ի անվամբ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանու նկատմամբ դրսևորել է թմրամիջոցի հայտնաբերման վարքագիծ:
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի, արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունների աշխատակիցները, ԱԱԾ աշխատակիցների հետ միասին, մաքսային զննության արդյունքում, բացի սպորտային հագուստից և կոշիկներից՝ առաքանիում հայտնաբերել են արծաթագույն կպչուն ժապավենով փաթեթավորված «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ 2 փաթեթ, որոնց քաշը կազմել է 920 գրամ:











