Բիզնեսի համար հարկերի բարձրացումը կազդի Հայաստանում բացարձակապես բոլորի վրա։ Այս մասին փետրվարի 25-ին կայացած քննարկման ժամանակ հայտնել է Հայաստանի «Փոքր եւ միջին ձեռնարկությունների համագործակցության ասոցիացիա» ՀԿ նախագահ Հակոբ Ավագյանը։
Նրա խոսքով՝ ափսոսանք է առաջացնում կառավարության հայտարարությունը շրջանառության հարկն աստիճանաբար վերացնելու մտադրության մասին, եւ այս առումով վատ կանխատեսումներ կան։ Նա նշել է, որ ներդրվում է միկրոբիզնեսի հաշվառման եւ հարկման համալիր համակարգ՝ կոչ անելով իշխանություններին ազնվորեն արձանագրել, որ բիզնեսի հարկային բեռը մեծանում է։ «Բացի այդ, կան մի խումբ ապրանքներ, որոնք գալիս են այն երկրներից, որոնց համար փաստաթղթավորման պատշաճ մակարդակն անհնար է»,- ավելացրել է փորձագետը։
Ավագյանը վստահեցրել է, որ սննդի, զբոսաշրջության, ատամնաբուժական ծառայությունների գները կբարձրանան։ «Այս ամենի մասին նամակներ ենք գրել պետական մարմիններին՝ կոչ անելով հետաձգել օրենքի ընդունումը, սակայն արձագանք չի եղել։ Ամբողջ աշխարհը գնում է հարկային համակարգի պարզեցման ճանապարհով, իսկ Հայաստանը՝ հակառակ ուղղությամբ»,- ընդգծել է նա։
«Փոքր եւ միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ փոխնախագահ Արման Պետրոսյանն իր հերթին նշել է որ Հայաստանում կա մոտ 1 100 հանրային սննդի կետ, որոնց 70 տոկոսը (700-800 տնտեսվարող սուբյեկտ) մինչեւ 70 մլն դրամ շրջանառություն ունեցող միկրոբիզնեսներ են։
Նա նշել է, որ փաստաթղթավորման պահանջը կբարձրացնի նման տնտեսվարող սուբյեկտների հաշվապահական ծառայությունների ծախսերը եւ կբարդացնի տեղի ֆերմերներից սննդամթերքի գնումը: «Հասարակական սննդի ոլորտը զբոսաշրջության մեջ էական դեր ունի, եւ մեր գներն արդեն մոտեցել են եվրոպականին։ Հարկային փոփոխությունների արդյունքում դրանք էլ ավելի կաճեն, ինչը կնվազեցնի Հայաստանի գրավչությունը օտարերկրյա զբոսաշրջիկների համար»,- պարզաբանել է Պետրոսյանը։ Նրա կարծիքով՝ կառավարությունը չի կարող փակել այն սողանցքները, որոնց միջոցով խոշոր բիզնեսը փորձում է լուծել իրենց խնդիրները, եւ ամբողջ բեռը գցում է միկրոբիզնեսի վրա։
Հիշեցնենք, որ 2025թ. հունվարի 1-ին ուժի մեջ մտած փոփոխությունների համաձայն՝ փոքր եւ միջին բիզնեսի սուբյեկները, որոնց տարեկան շրջանառությունը 115 մլն դրամից քիչ է, կվճարեն 10 տոկոս (նախկին 5-ի փոխարեն) շրջանառության հարկ, եթե նրանց ապրանքները (ծառայությունները) փաստագրված չեն, իսկ եթե փաստագրված են, ապա հարկի դրույքը կիջնի 1,5-ից 1 տոկոսի շրջանառության համար։





























