Այն, ինչ ուզում են մարզերի երիտասարդները՝ եվրոպացումն է. նրանք կարգ ու կանոն են ուզում, անվտանգություն, աշխատատեղ, ազատ խոսքի իրավունք։ Գուցե նրանք անգամ չգիտեն, որ դա նշանակում է եվրոպացում, ուղղակի ուզում են, որ այդ ամենը լինի իրենց մոտ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ նշելով, որ ամիսներ շարունակ Սյունիքի և Արմավիրի մարզերում բնակվող երիտասարդների հետ ունեցել են հանդիպումներ, և փորձել են հասկանալ նրանց պատկերացումները հետպատերազմյան և հետհեղափոխական Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների վերաբերյալ։

«Նրանց խոսույթում Եվրոպայի ու Արևմուտքի մասին համարյա թե ոչինչ չենք լսել մենք, նրանց մենթալ քարտեզում Բրյուսելը, Փարիզն ու Լոնդոնը կարծես թե չկան։ Նրանց համար «դուրսը» Երևանն է։ Այն, ինչ ուզում են վերցնել, նրանք վերցնում են Երևանից։ Կան երեխաներ, որոնց բարեկամներն աշխատում են Մոսկվայում՝ այն էլ, ոչ Մոսկվայում կամ Սանկտ Պետերբուրգում։ Իրականում, այն ինչ ուզում են մարզային երիտասարդները՝ եվրոպացումն է»,–ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը՝ նշելով, որ բնական է, որ մարդիկ ցանկանում են ապրելու նման պայմաններ ունենալ։

Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ երիտասարդների հետ նման հանդիպումներ այլ մարզերում էլ են նախատեսում, քանի որ հետազոտություն իրականացնելու համար երկու մարզում իրականացրած հանդիպումների արդյունքների ամփոփումը բավարար չէ։