2024 թվականին բանկային համակարգը ստացել է 363 միլիարդ դրամի շահույթ, ինչը 100 միլիարդ դրամով կամ 60 %-ով ավելի է, քան 2023 թվականին։ Դրա մասին փետրվարի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի բանկերի միության ղեկավար Դանիել Ազատյանը։
Միաժամանակ նա հիշեցրել է, որ 2022 թվականին աճը կազմել է 250 միլիարդ դրամ։
Ազատյանը պարզաբանել է, որ նախորդ տարվա շահույթը պայմանավորված է նրանով, որ 2023 թվականին բանկերը 80 միլիարդ դրամի վնաս են կրել՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության հարկադիր տեղահանման վարկերի դուրսգրման հետևանքով։
Առանց այս գործոնը հաշվի առնելու, շահույթի աճը կկազմեր 10%, մանրամասնել է Հայաստանի բանկերի միության նախագահը։
Նա հավելել է, որ բանկերն իրենց շահույթից մոտ 300 միլիարդ դրամը ծախսել են կապիտալի ավելացման վրա, այսինքն՝ այդ գումարները մնացել են Հայաստանում։ «Սովորաբար շահույթի 15-20 տոկոսը բաշխվում է շահաբաժինների տեսքով, մնացածը մնում է բանկերում՝ որպես կապիտալ»,- նշել է Ազատյանը։





























