Առնվազն 18 մարդ զոհվել, մոտ 20-ը վիրավորվել է Թաիլանդում էքսկուրսիոն ավտոբուսի վթարի հետեւանքով։ Այս մասին հայտնել է Thairath թերթը։
Պարբերականի տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել թագավորության արեւելյան մասում գտնվող Պրաչինբուրի նահանգում՝ Բանգկոկից 120 կիլոմետր հեռավորության վրա։ Միջադեպը տեղի է ունեցել 200 հոգանոց զբոսաշրջային խմբին երեք ավտոբուսներով տեղափոխելիս, որոնցից վերջինը կորցրել է կառավարումը, բավել բետոնե պատնեշին, ապա շրջվել։ Մեքենայում եղել են 47 ուղեւոր եւ 2 վարորդ։ Հայտնի է, որ ավտոբուսը հյուսիսարեւելյան Բյունգկան գավառից ուղեւորվում էր Ռայոնգ առողջարանային նահանգ։
Տեղի իշխանությունները հայտնել են, որ մոտ 20 տուժած տեղափոխվել է հիվանդանոց։ Փրկարարները որոնում են անհայտ կորածներին։ Վթարի փաստով ոստիկանությունը հետաքննություն է սկսել։
Թաիլանդում ՌԴ դեսպանատան հյուպատոսական վարչությունից ՏԱՍՍ թղթակցին հայտնել են, որ դիվանագիտական ներկայացուցչությունը տեղեկություն չունի զոհված կամ վիրավորված ռուսների մասին։





























