Ուկրաինայում թուրքական զորքերի տեղակայման վերաբերյալ հավանական համաձայնությունն ուշագրավ իրադարձություն կդառնա։ Դրա մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ հայտարարել է թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանը։
«Մենք տեսանք, թե ինչպես են աշխատում թուրք-ռուսական մոնիտրոգային խմբերը ինչպես Սիրիայում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում։ Ընդ որում, կարևորն այն է, թե ինչ կարգավիճակով են նրանք տեղկայվելու Ուկրաինայում, եթե նման համաձայնություն ձեռք բերվի։ Եթե խաղաղապահներ են տեղակայվում, դա մի բան է, իսկ եթե կան զորքեր՝ հրադադարի ռեժիմը հաստատելու համար, ինչպես եղավ Լեռնային Ղարաբաղում, դա այլ հարց է»,- նշել է նա։
Փորձագետի գնահատմամբ՝ հետխորհրդային տարածքն աստիճանաբար ռուս-թուրքական համատիրության է վերածվում։ Այդպես էր Հարավային Կովկասում, և այժմ Ուկրաինան կարող է նման հարթակ դառնալ։
«Հետխորհրդային տարածքը, ուզենք թե չուզենք, ռուս-թուրքական համատիրություն, ընդհանուր կառավարման տարածք է դառնում։
Միևնույն ժամանակ, Թուրքիային Ուկրաինայում նման լիազորություններ շնորհելը եվրասիական նշանակության տեկտոնական փոփոխություն կդառնա։ Բոլորը հասկանում են, որ Թուրքիան աշխարհաքաղաքական լուրջ նպատակներ ունի, և այնտեղ զորքեր տեղակայելը նրան հնարավորություն կտա հասնել ավելիին, քան նույնիսկ ինքն է հռչակել։ Թուրքիան երբեք չի հրաժարվել Ղրիմում իր նպատակներից, հանդես է գալիս որպես Ղրիմի թաթարների պաշտպան և պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Եթե Ռուսաստանը համաձայնի նման որոշմանը, դա կհարվածի իր շահերին»,- նշել է Տեր-Մաթևոսյանը։
Ընդ որում, Ռուսաստանը թուրքական զորքերը կարող է ավելի ընդունելի համարել, քան եվրոպական զորքերը, հավելել է նա։
Թուրքագետի կարծիքով՝ ներկայում Թուրքիան ավելի շատ է շահում ռուս-թուրքական համագործակցությունից, քան Ռուսաստանը։











